«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտողը իշխանությունն է.
«Դեկտեմբերի 2-ին թիվ մեկ ընտրատարածքում թափուր տեղի համար տեղի ունեցան Ազգային Ժողովի ընտրություններ: Ըստ էության այդ ընտրությունները թեկնածունների միջև չէին` դրանք ընտրություններ էին շուրջ երկու տասնամյակ բոլոր ժամանակների օրվա իշխանությունների կողմից կատարելագործած ընտրակեղծիքների ու վարչական ռեսուրսների և, մյուս կողմից, հստակ քաղաքական հետագիծ ունեցող ընդդիմության ներկայացուցչի միջև: Այլ խոսքով`հերթական անգամ մրցակցության մեջ էին ժողովրդավարական, թափանցիկ և արդար ընտրությունների հրամայականը և դրան խոչընդոտող քաղաքական մեծամասնության խմբակային շահը: և ինչպես միշտ այս անգամ էլ պետական շահը` ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու սահմանադրական պահանջը ջախջախիչ պարտություն կրեց օրվա քաղաքական իշխանության խմբակային շահից: Հասկանալի է, որ խոսքն այստեղ անձերի մասին չէ, խոսք ավելի խորքային և առավել վտանգավոր երևույթի մասին է: Վերջապես ինչքան կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել, ինչքան կարելի է ժողովրդավարություն «պոռալով» այդ նույն ժողովրդավարության հերն անիծել` նման ընտրություններ կազմակերպելով: Ինչու չենք ուզում տեսնել այն բացահայտը, որ ժողովուրդը ընտրություններին քվեարկում է կրունկներով, ասել է թե` իր փախեփախ-արտագաղթով, ինչին ամեն անգամ նպաստում ենք նման ընտրական իմիտացիաններով: Ինչու հավաքաբար ինքներս չենք կարողանում մեր տանը մարդավայել ապրելու և զարգանալու պայմաններ ստեղծել:
Վերջերս Ազգային Ժողովի պատվիրակության կազմում Բրյուսսելում մասնակցում էի Հայաստան-Եվրոմիություն հանձնաժողովների համատեղ նիստին: Զեկույցներից մեկը վերաբերում էր մեր ներքին կյանքին: Ընդդիմության ներկայացուցիչը համապատասխան փաստարկներով եվրոպական գործընկերներին ապացուցում էր, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտողը իշխանությունն է՝ իր ավտորիտար համակարգով՝ պարբերաբար հակաժողովրդավարական և անարդար ընտրություններ անցկացնելով: Իշխանության ներկայացուցիչը շատ ավելի վճռական էր՝ եվրոպացի գործընկերներին բացատրելով, որ Հայաստանում եվրոպական արժեքների հաստատման ամենօրյա էվոլուցիոն շքերթ է տեղի ունենում, բայց ընդդիմության ներկայացուցիչները չեն ուզում տեսնել այդ առաջընթացը: Երկու դեպքում էր դիմում-հորդոր էր օտարին՝ սեփական տանը կարգ ու կանոն հաստատելու խնդրանքով: Հաջորդ օրը մեկ այլ հանդիպման ժամանակ Եվրոխորհրդի բարձրագույն պաշտոնյաներից մեկը իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների՝ միմյանց նկատմամբ փոխադարձ մեղադրանքներին բավականին հատու և անկեղծ պատասխանեց՝… մենք կարող ենք միայն օգնել նրանց, ովքեր դրա ցանկությունն ունեն, ձեր ներքին հարցերը լուծելու համար մեզանից ավելին միք պահանջեք: Օգնության չափը, եթե ձեզ չի բավարարում՝ կարող ենք ձեր առջև փակել եվրոպական տան դուռը… Պատասխանը սպառիչ էր, ինչ ոչ առումով դատավճիռ` մեր հասցեին: Ինչու պետք է օտարին դիմել սեփական տանը կարգ ու կանոն հաստատելու համար, երբ այն կարող ենք ինքներս հաստատել:
Բայց մեր պատմության քառուղիններում շատ դեպքերում օտարը համաձայնել է մեր խնդրանքներին` իր նախասիրություններով մտնել մեր տուն` կարգ ու կանոն հաստատելու համար:
Ակամայից հիշեցի Չարենցի «Երկիր Նաիրիի» գլխավոր հերոսներից Մազութի Համոյին, որը, կարծում եմ, մեր ժողովրդի հավաքական կերպարի թերևս առավել ընդհանրացնողներից մեկն է: Պատմականորեն օտարի միջոցով սեփական տանը կարգ ու կանոն հաստատելը մեր ազգային ողբերգությունների հիմնական պատճառներից մեկն է եղել: և այդ ողբերգությունը իր մաշկի վրա թերևս առավել շոշափելի զգացել է Չարենցի հերոսը: Մեջբերում եմ Մազութի Համոյի ապրած ողբերգական պահերից մի հատված. «Համո Համբարձումովիչը զգույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի /իր կնոջ/ ննջարանին: Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց… տեսավ… մազերը, կռնակը և սպիտակ նստուկը քաղաքի պարետի /բարձրահասակ սպայի/, որին, նկարչական շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի` Համո Համազասպովիչի անզուգական կողակցի»: Մեծն Լոռեցուց բացի ընթերցեք նաև Չարենց»:





