AM
1 Հունիս 2005 - 03:12 AMT

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին տարիների ընթացքում «ՆԱՏՕ-ն մեծ առաջընթացի է հասել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ համագործակցության ամրապնդման գործում»: Այդ մասին, հանդես գալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում հայտարարել է Հյուսի-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերը, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, այդ համագործակցության շրջանակներում հիմնական ուշադրությունը դարձվում է անվտանգության նոր մարտահրավերներին: «Մենք օգնում ենք շահագրգիռ երկրներին անցկացնել պաշտպանական բարեփոխումներ եւ ամրապնդել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»,-նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: Նա հիշեցրել է, որ վերջերս Շվեդիայում տեղի է ունեցել ԵԱԳԽ համաժողովը անվտանգության գծով` սա նոր նախաձեռնություն է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչների եւ գործընկեր-երկրների միավորման ուղղությամբ` ընդհանուր սպառնալիքները քննարկելու համար: