AM
5 Դեկտեմբեր 2012 - 06:05 AMT

«Ժողովուրդ». Պարո՛ն Սարգսյան, ախր գեղեցիկ չէ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ցույց անցկացնող Կոնդի բնակիչներին և Արամի, Բուզանդի, Եկմալյան փողոցների խաբված բնակարանատերերին հաջողվել է զրուցել անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս, կանգնեցնելով ավտոշարասյունը, մոտեցել է հավաքվածներին` հավանաբար չցանկանալով, որ կրկին բնակիչները գան, իր «դեմը կտրեն»: Նախագահը պատասխանել է ցուցարարներին, իսկ պատասխան չունենալով այն հարցերին, որոնք իր համար անսպասելի էին, շրջվել ու հեռացել է:

Թերթը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ խաբված բնակարանատերերին Սարգսյանն անձամբ խնդրի լուծման խոստումներ է շռայլում: «Հետաքրքիր է` նախագահական ընտրությունների նախօրեին Ս. Սարգսյանը կրկին կհանդիպի՞ խաբված բնակիչներին`այս անգամ արդեն իր հետ վերցնելով Տարոն Մարգարյանին, որպեսզի տեղում ասի. «Տարոն ջան, սիրուն չէ»: Ինչպես դա արեց խորհրդարանական ընտրություններից առաջ` մայիսի 1-ին, Մաշտոցի պուրակում: Կարծում ենք` նման տարբերակով հարցի լուծումը սպասելի է, թե չէ արդեն իսկապես սիրուն չէ»,-գրում է թերթը: