Երևանի քաղաքապետարանն ամբողջովին պատրաստ է ձմռան տեղումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:
«Կարգի են բերվել հատուկ մեքենա մեխանիզմները ձմռան նախապատրաստական աշխատանքների համար, նաև հրավիրել ենք Երևան քաղաքում շինարարական կազմակերպություններին, գույքագրել ենք մեքենա-մեխանիզմները, կցել ըստ վարչական շրջանների, որպեսզի կարողանանք ձնից մաքրել քաղաքի կենտրոնի փողոցները»,- ասաց Ղազարյանը:
Ըստ նրա` թվով 360 մաքրման տեխնիկա կլինի սանմաքրման գրասենյակներում,100-ը շինարարական կազմակերպությունների տրամադրած մեքենա-մեխանիզմներն են, ևս 50 մեքենա-մեխանիզմների տարմադրման պայմանագրեր են կնքել, որպեսզի քաղաքապետարանը կարողանա կազմակերպել ձյան մաքրման աշխատանքները:
Բացի դրանից կան նաև լրացուցիչ պայմանագրով աշխատողներ` ձեռքով մայթերն ու բակերը մաքրելու համար:
Ձեռք են բերել 5000 գործիքներ, որոնք բաժանվել են դպրոցներին, մանկապարտեզներին, առևտրային կազմակերպություններին:
Կուտակվել է 1000 տոննա աղ, 1600 խորանարդ մետր ավազ:
Ղազարյանը նաև հայտնեց, որ օպերատիվ շտաբներ են լինելու բոլոր վարչական շրջաններում` շքամուտքների և բակերի մաքրման աշխատանքներն արագ իրականացնելու համար: «Փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի չսառցակալվեն տարածքները, այլ տեղում մաքրենք»,-ասաց նա:





