Հավանաբար, արդեն տեղյակ եք, որ երեկ երեկոյան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը համաձայնել էր PanARMENIAN.Net-ի հետ դիտարկում անցկացնել Երևանի մի քանի կանգառներում: Այս նախաձեռնությունը հաջորդեց տրանսպորտի ներկա վիճակի վերաբերյալ PanARMENIAN.Net-ի հրապարակումներին:
Ներկայացնում ենք մեր փոքրիկ «ճամփորդության» վերծանված տարբերակը:
Պայմանավորված ժամից 2 րոպե անց՝ 19:02 հանդիպեցինք պարոն Նավասարդյանին Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկին:
Մինչ կանգառ հասնելը հասցրեցինք մեկ-երկու հարց տալ պարոն Նավասրդյանին, մասնավորապես, երթուղայիններում հնչող երաժշտության վերաբերյալ: Պարզվեց՝ տարիներ առաջ քաղաքապետարանը փորձել է հանել նվագարկիչները, բայց որոշ ժամանակ հետո վարորդները նորից տեղադրել են դրանք: Բոլորի համար հատուկ ձայնասկավառակներ ստեղծելու առաջարկին Նավասարդյանը պատասխանեց.«Ամեն մեկը մի նախասիրություն ունի, պարտադրել չի լինի»:
Հասանք կանգառ: Հետաքրքիր զուգադիպությամբ առաջին մի քանի երթուղայինը անցան կիսադատարկ: Նավասարդյանը հետաքրքրվեց՝ ես որտեղ եմ ապրում և ասաց, որ 20 համարի երթուղայինին սպասելու փոխարեն, ես կարող եմ 49-ով գնալ և պարզապես մի 300 մետր քայլել:
Մինչ ես բացատրում էի՝ ինչու չեմ կարող 49-ով գնալ, Նավասարդյանը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ ուղևորները կանգնած են կանգառից դուրս. «Այ սա լուսաբանեք, ինչու՞ սրա մասին չեք գրում, մարդկանց չենք կարողանում համոզել, որ երթուղայինին սպասեն կանգառում»:
Կիսադատարկ 65 համարի երթուղայինը կանգնեց կանգառում:
Հենրիկ Նավասարդյան (այսուհետ՝ Հ.Ն.). – Ասում եք՝ չենք կարողանում գնալ, ահա, խնդրեմ, 3-րդ մաս է գնում, կարող եք գնալ: Հետևից էլ 20-ը, նստելու տեղ էլ կա: Այ այսպես միասին կսպասենք մինչև 10:30, կտեսնենք: Մեր տղաները այս պահին Երիտասարդականի կանգառում են, հիմա կկանչենք, կգան կգրեն ինտերվալները:
Եվս մեկ 49
Հ.Ն. -Սա ո՞րն է
Աստղիկ Հակոբյան (այսուհետ՝ Ա.Հ.). – 49
Հ.Ն. -Մանե (դիմում է գործընկերուհուս), արի նկարի, սա 3-րդ մաս է գնում, սա նկարեք: Հիմա կզանգենք Համբարձումյանենք կգան («Երևանտրանս» ՓՊԸ տնօրեն – հեղ.), հիմա ստուգումներ են անում:
Ա.Հ. -Ի՞նչ ստուգումներ, պարոն Նավասարդյան
Հ.Ն. -Ստուգում ենք ինտրեվալները
Ա.Հ. -Ամե՞ն օր
Հ.Ն. (հեռախոսով) -Համբարձումյան, դուք որտե՞ղ եք, մի քանի հոգով եկեք Թումանյան –Խանջյան խաչմերուկ, եկեք , որ կարողանանք ինտերվալները գրել:

Զրուցում եմ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի հետ, ով Նավասարդյանի հետ էր եկել: Հարցնում եմ, թե ինչու երթուղի դուրս չեն գլալիս բոլոր չինական ավտոբուսները: Ասում է, որ որակավորում ունեցող վարորդներ չկան կամ կան, բայց չեն համաձայնում վարել այդ ավտոբուսները:
Ա.Հ. -Այդ ավտոբուսների «պլանը» որքա՞ն է
«25-ից 40, նայած գիծ, բայց վարորդներ չկան, որակավորում չունեն»,- պատասխանում է աշխատակիցը:
Հ.Ն. -Ուզո՞ւմ եք լավ բան անեք, եկեք համագործակցենք, մի լավ բան անենք: Ամբողջ աշխարում տրանսպորտի վիճակը վատ է, բայց այնտեղ գինը 300-400 դրամ է, իսկ դուք ինչքա՞ն եք վճարում: Ո՞նց եք որոշում, նորմալ է, թե՝ ոչ: Դուք պետք է հասկանանք, վերլուծեք, հետո գրեք:
Ա.Հ. – Ես վերջին 4 տարվա ընթացքում նույն բանին եմ ականատես լինում
Հ.Ն. -Այդպես չէ, դուք մայիս ամսից ուրիշ բանի եք ականատես լինում, ուղղակի չեք ուզում տեսնել:
Ա.Հ. -Ես երբեք այսքան դատարկ 20 համար չեմ տեսել, 20-ը երբեք այս ժամին դատարկ չի լինում:
Որոշում ենք կանգառում կանգնած ուղևորներին հարցնել:
Հ.Ն. -Պիտի ասեն վատ է, տրանսպորտ չկա, ի՞նչ պիտի ասեն. ես ամեն օր ստուգում եմ, ուզում եք ամեն օր եկեք: Ձեզ չի հետաքրքրում պարզապես:
Ա.Հ. -Ինձ հետաքրքրում է այնքանով, որ ես ուզում եմ աշխատանքից հետո նորմալ տուն հասնել:
Գալիս են «Երևանտրանսի» տնօրենը և ևս 2 աշխատակիցներ:
«Մեր վերահսկողության տղաներն են»,- ծանոթացնում է Նավասարդյանը: Հարցնում է թուղթ ու մատիտ ունեն, պատասխանում են, որ չունեն:
Հ.Ն. -Թուղթ ու մատիտ վերցրեք, գրեք ինտրեվալները:
Ա.Հ. -Որքա՞ն է թույլատրելի ուշանալու ինտրեվալը:
Հ.Ն. -Գազելների համար 6-7 րոպե: Ավտոբուսները 10-12, երբեմն 15: Հաշվում ենք, խախտումներ թույլ տված տնտեսվարողներին տուգանում ենք 30 հազար դրամով: Ես չեմ ասում, որ վիճակը կատարյալ է, բայց բարեփոխումներ են արվում, հիմա, օրինակ դուք չեք տեսնի ջարդված մեքենաներ:
Ա.Հ. -Ես հենց այնպես չեմ ասում, որ ջարդված մեքենանար կան, ես վիդեոներ եմ նկարել: Մենք կուղարկենք Ձեզ վիդեոները:

Հ.Ն. -Ուղարկեք, բայց էլի եմ ասում, չուղարկեք մի տարի առաջվա նկարած վիդեոներ, կամ ա-ով նշված երթուղիներում արված վիդեոներ. դրանք մրցույթը չեն անցել և շուտով կհանվեն երթուղուց: Այս պահին մեզ 400 վարորդ է պետք, չեն ուզում աշխատել:
Ա.Հ. – Ինչքա՞ն աշխատավարձ եք առաջարկում, որ չեն համաձայնում:
Հ.Ն. – Այսպես ասեմ, եթե գազելի վարորդը օրական 5000 դրամ տուն չտանի, նա չի աշխատի:
Ա.Հ. – Բայց երբեմն այդ 5000 դրամն էլ տուգանվում են:
Հ.Ն. -Ով է ասել, որ խախտում անեն, որ տուգանվեն: Հիմա գերբեռնվածության մասին ոչինչ ասել չեմ կարող, ոնց է լինում, որ միկրոավտոբուսը գերբեռնված գնում է, նայեք, իսկ հետևից եկող ավտոբուսը դատարկ է: Այդ ավտոբուսը 4-5 հազար դրամի դիզվալռելանյութ է վատնում ու դատարկ գնում, իսկ մարդիկ այստեղ կռացած գնում են, հետո էլ բողոքում, որ շախմատի ձի են դառնում: Դուք լինեք գծի տերը, մեքենան դատարկ գնա, շահույթ չլինի, կաշխատե՞ք: Դուք նախընտրում եք կռացած գնալ ու հետո գրել այդ մասին: Ձեր աշխատաոճն է դա:
Ա.Հ. -Դուք ուրեմն ծանոթ չեք մեր գոծակալության աշխատանքին, մեր աշխատոճը այդպիսին չէ:
Հ.Ն. -Ես ծանոթ եմ ձեր գործակալությանը, բացի վատից ոչ մի լավ բան չեք գրում, լավը չեմ տեսել:
Այստեղ մեզ է միանում քաղաքապետարանի վերահսկողության բաժնի աշխատակիցներից մեկը և պատմում, որ Էրեբունի-Երևան տոնակատարության օրը ականատես է եղել, թե ինչպես են դատարկ երթուղայինները գնում, իսկ մարդիկ սպասում են, ինչ-որ համարի, որը նույն տեղն է գնում:
Նավասրդյանն ասում է, որ 10 օրվա ընթացքում ավտոբուսների նոր խմբաքանակ է գալու: Հետո որոշում ենք կանգառում կանգնած ուղևորներից մեկին հարցնել՝ գոհ է տրանսպորտի աշխատանքից: Տիկինը բողոքում է, որ կանգառից դուրս չեն կանգնում, երբ պետք է իջնեն, իսկ երբ նստում են, վարորդները վերցնում են որտեղից պատահի:
Հ.Ն. – Իսկ ինչու՞ պիտի կանգառից դուրս կանգնի:
Տիկին -Բա վերցնելուց ո՞նց է կանգնում:
Հ.Ն. -Սխալ է անում, որ կանգնում է, կանգառում է պետք կանգնել:
Հ.Ն. -Երբ ես ուսանող էի, մենք ավելի վատ պայմաններում էինք երթևեկում: Տրամվայի դռներց կախված:
Ա.Հ. -Դա ո՞ր թվականն էր:
Հ.Ն. -71-ից 84 թվականները, դրանից հետո մեքենա եմ ունեցել ու էլ չեմ օգտվել հասարակական տրանսպորտից:
Եկեք հարցնենք (դիմում է ուղևորներից մեկին), եղե՞լ է նման բան, որ դռներից կախված էին երթևեկում:
Ուղևորն ասում է, որ ամեն ինչ էլ տեսել է:
Ա.Հ. -Նման բան 92 թվականին է եղել, պրն Նավասարդյան:
Հ.Ն. -Նորից եմ ասում՝ 84 թվականին: Բայց որ հիմա մարդկանց հարցնես, կասեն Սովետի ժամանակ ամեն ինչ ավելի լավ էր: Մրցույթը թույլ է տալիս, գնացեք բերեք որակյալ ավտոբուսներ, եթե քեզ ձեռք չի տալի, ինձ ինչու՞ պետք է ձեռք տա:
Ա.Հ. -Պետությունը Ձեզ ոչինիչ չի՞ տրամադրում:
Հ.Ն. -Ոչինչ, ոչ մի դոտացիա: Պետությունն ասում է՝ զինվորականին անվճար տար, վետերանին անվճար տար, հաշմանդամներին անվճար տար: Ուղևորների 10 տոկոսին անվճար ենք սպասարկում: 400 ուղևորից 40-ը երթևեկում է անվճար: Դուք գրում եք ծխող վարորդների մասին. Տեսե՞լ եք ծխող վարորդ: Գրում են՝ ծխից խեղդվեցինք: Դուք ուզում եք վատաբանել միայն, ինչ ուզում գրում եք: Հիմա էլ ինչ ուզեք կգրեք : Կամ իմ ասածի կես տոկոսը կգրեք , բայց էն կնոջ ասածները լրիվ կգրեք: Միկորավտոբուսային երթուղիներ փոխեցինք ավտոբուսայինի՝ չասեցին. մարդիկ լավ բաները չեն տեսնում:
Ա.Հ. -Պրն Նավասարդյան, իսկ սակագների հետ կապված որևէ բան կա՞, թանկացումներ կլինեն:
Հ.Ն. -Առայժմ ոչինչ չկա: Ուղղակի մի բան կուզեի ավելացնել. մենք ինքներս մեզ չենք հարգում, բայց փնովում ենք: Նայեք՝ 95-ը դատարկ գնաց: Հա, ասենք էս կողմի համար ես եմ ապահովել, որ դատարկ գնան, բա հանդիպակաց մայթը, բա մարդիկ: Հո չէ՞ի կարող մարդկանց ասել կանգառ չգաք:
Ա.Հ. -Պարոն Նավասարդյան ես ոչինչ չասացի, դուք եք ասում:
Հ.Ն. -Ահա, տեսնո՞ւմ եք. բայց հաստատ այդպես եք մտածում:
Համաբարձումյանն առաջարկում է գնալ ամենածանրաբեռնված կանգառներից մեկը՝ Երիտասարդական: Ճանապարհին ասում է՝ կանգառը փոխել են, որ վարորդներին չտուգանեն, իսկ այդ մասին չգրեցին ու շնորհակալություն չասացին: Երիտասարդականում մեզ տվեցին նաև ինտերվալների գրանցման թերթիկը: Պետք է նշենք, որ այստեղ էլ վիճակը սովորականից տարբեր էր, ավտոբուսներն էլ բավական շատ էին: Զրուցեցինք կանգառում կանգնած ուղևորներից մի քանիսի հետ: Դարձյալ բողոքեցին, բայց Նավասարդյանն ասաց, որ կարելի է մի քիչ քայլել և չկռանալ, ինչի հնարավորությունը կա: Արդեն 8:45 էր: Մենք շնորհակալություն հայտնեցինք Հենրիկ Նավասարդյանին և քաղաքապետարանի մյուս աշխատակիցներին ու վերդարձանք խմբագրություն:
Հ.Գ. Հենրիկ Նավասարդյանի խորհրդով, ես, այնուամենայնիվ, որոշեցի գնալ 49 համար երթուղայինով: Վարորդի հետ զրույցի ընթացքում ես և իմ գործընկեր Մանե Եփրեմյանը պատահաբար պարզեցինք, որ երեկ 49 համարի բոլոր երթուղայինները «գիծ են դուրս եկել», ինչը, ըստ վարորդի, ամեն օր չէ, որ լինում է:
Հ.Հ.Գ Հարգելի ընթերցողներ, այսուհետ խնդրի վերաբերյալ կարող եք PanARMENIAN.Net-ին ուղարկել ձեր արած լուսանկարները և տեսանյութերը: Նյութերը կարող եք ուղարկել PANreport համակարգի միջոցով՝ PanARMENIAN.Net-ի ցանկացած էջի ձախ մասում սեղմելով «Ուղարկել հաղորդագրություն» կոճակը, կամ այցելելով http://report.pn.am, ինչպես նաև PanARMENIAN.Net-ի Facebook-ի էջին` http://www.facebook.com/panarmenian.net:





