AM
5 Դեկտեմբեր 2012 - 14:13 AMT

ՀԲ-ն բարձր է գնահատում ԴԱՀԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումները

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, ծրագրի խորհրդական Կլաուս Դեկերին և «Դատաիրավական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Արթուր Թունյանին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: «Վերջին չորս տարիների ընթացքում ծառայությունում կատարողական վարույթների քանակի աննախադեպ աճ է գրանցվել, սակայն, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողանում ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել բոլոր մարտահրավերներին», – նշել է Միհրան Պողոսյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Համաշխարհային բանկի և ԴԱՀԿ ապահովող ծառայության միջև համագործակցության ընթացքը և արդյունքները: Այդ համատեքստում Կլաուս Դեկերը կարևորել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ արդյունքները:

Դավիթ Մելիքյանը, ով ծանոթ է Հայաստանի Հանրապետությունում ներկայում իրականացվող էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման գործընթացներին, ընդգծել է, որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն այդ գործընթացում բացառիկ լավ արդյունք ունի` միաժամանակ կարևորելով էլեկտրոնային կառավարման գործընթացներում ծառայության անձնակազմի պարբերական վերապատրաստումն ու ատեստավորումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ծառայությունում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, որոնք գտնվում են ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավարի ուշադրության կենտրոնում:

Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի կողմից ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար և հույս հայտնել, որ փոխգործակցությունը շարունակական կլինի:

ՀԲ-ի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` ապագայում նույնպես շարունակել ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցությունը:

Նշենք, որ «էլեկտրոնային վարույթ» համակարգի հիմնական նպատակն է «ՔԱՍՏ» և «Դատալեքս» տվյալների բազաների համակարգերի միջև կապի ստեղծումը և համատեղելիության ապահովումը: Դա հնարավորություն կտա համակարգի վերջնական օգտատերերին վերստանալ դատական վարույթների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմում՝ այսպիսով բարձրացնելով ծառայության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը: