AM
6 Դեկտեմբեր 2012 - 08:59 AMT

Երևանում 3500-ից ավելի բազմաբնակարան շենք կա, որոնք սեյսմիկ առումով վտանգավոր են

9-10 բալ ուժգնությամբ սպիտակի երկրաշարժի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց, նյութական վնասը կազմեց 12 միլիարդ ԱՄՆ դոլար:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանկ հիշեցրեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն Սերգեյ Նազարեթյանը և անդրադարձավ Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերումների հիմնական պատճառներին և նրան, թե ինչ է արվել այդ պատճառները վերացնելու համար. «Սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում լուրջ բաղցթողումներ կային, հիմնական բացթողումը պատրաստվածությունն էր. ոչ բնակչությունն էր պատրաստ, ոչ՝ իշխանությունները: Այն ժամանակ խորհրդային իշխանությունները բնակչությանը ատոմային հարձակումների դեմ էին պատրաստում, ոչ թե՝ երկրաշարժի: Հիմա Արտակարգ իրավիճակների նախարարություն ունենք, մշակված պլաններ, իրավական դաշտ, որը սակայն, ենթաօրենսդրական ակտերով պիտի հստակեցվի: Խնդրահարույց է ՏԻՄ պատրաստվածությունը, վատ է նաև ապահովագրության վիճակը»,-ասաց Նազարեթյանը:

Նրա խոսքով՝ հանրապետության ամբողջ տարածքում 1-2 բալով սեյսմիկ վտանգը թերագնահատված է: Սպիտակում սխալը մինչև 3 բալ է կազմել, իսկ սեյսմիկ վտանգի ճիշտ գնահատումը երկրաշարժին դիմակայելու գլխավոր նախապայմաններից է:

«Սեյսմիկ ռիսկի նվազեցման առումով վերջին 5 տարում լուրջ տեղաշարժ կա: 13 քաղաքի համար ուսումնասիրված և գնահատված են բազամահարկերի, հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների տվյալները: Երևանում 3500-ից ավելի բազմաբնակարան շենք կա, որոնք սեյսմիկ առումով վտանգավոր են, իսկ ամբողջ հանրապետության տարածքում հատկապես խոցելի են խորհրդային տարիներին կառուցված դպրոցները»,- ճապոնացիների վերջին ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելով ասաց Նազարեթյանը:

Նրա խոսքով՝բազմաբնակարան շենքերի վիճակը այլ գործոններից բացի նաև բնակիչների պատճառով է վատացել: Նրանք այնպիսի ձևափոխումներ են անում (հիմնապատերի, միջնապատերի), որոնք վնասում են շենքի սեյսմակայունությանը: