AM
6 Դեկտեմբեր 2012 - 09:32 AMT

Մոսկվայում մահացած հայ զինվորի հարազատները պատրաստվում են մամուլի ասուլիս հրավիրել

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողներին ասել է, որ Մոսկվայում մահացած զինծառայող Արթուր Քոչարյանի կյանքը փրկելու համար հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրվանից ՊՆ-ի կողմից արվել է հնարավոր ամեն բան: Քոչարյանների ընտանիքը այս հայտարարությունից հետո հերթական հաղորդագրությունն է տարածել, որտեղ ներկայացրել է զինվորի հիվանդությանը և դրան հաջորդած դեպքերի մասին նոր մանրամասներ:

«Արթուրի հիվանդության հայտնաբերումից հետո պաշտպանության նախարարությունից նախ խոստացան, որ կհոգան բուժման բոլոր ծախսերը: Մենք պարզեցինք, որ Երևանում նման կարգի վիրահատություն չեն կատարում: Նման հիվանդությունը բուժվում է կամ Ռուսաստանում, կամ Գերմանիայում: Մենք ընտրում ենք առավել մատչելի տարբերակը՝ Մոսկվան, սակայն միանգամից կանգնում ենք խնդրի առաջ. նախարարությունից հայտարարում են, որ իրենք չեն կարող անհրաժեշտ դրամական օգնությունը տրամադրել և կարող են միայն 3 միլիոն դրամ տալ, մինչդեռ Մոսկվայում վիրահատությունն արժեր 67.000 ԱՄՆ դոլար: Եվ այսպես շարունակվեց գրեթե մեկ ամիս. ՊՆ-ի կողմից մենք որևէ ադեկվատ պատասխան չէինք ստանում: Սա հենց այն ընթացքն է, որ կանխորոշեց Արթուրի ճակատագիրը: Ռուս բժիշկների խոսքերով, եթե Արթուրը տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ փրկել: Հենց այս ընթացքում էր, որ մենք ՊՆ-ին պարբերաբար հիշեցնում էինք խոստման մասին, սակայն լսում չոր պատասխան. «Մեզ վրա հույս չդնեք, ճարեք հովանավորներ»: Հենց այս ընթացքում էր, որ մենք ստիպված եղանք դիմել «Չենք լռելու» կազմակերպությանը, որը ևս 2 օրով ուշացրեց տեսանյութի հրապարակումը՝ օրական մի քանի անգամ հորդորելով մեզ սպառել հարցի անաղմուկ լուծման բոլոր միջոցները, պատճառաբանելով աշնանային զորակոչի մթնոլորտի վրա չազդելու պատճառաբանությամբ: Եվ այսքանից հետո առաջին հայացքից ազնիվ մարդ թվացող Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե իրենք «առաջին օրվանից արել են, ինչ կարողացել են»:

Երբ Արթուրի մասին «Չենք լռելու»-ի տեսանյութը տարածվեց համացանցում և լրատվամիջոցներում աղմուկ բարձրացրեց, նախարարությունից պատասխանեցին, որ իրենք օգնել են այնքան, որքան հնարավորությունները ներել են և Մոսկվայում բուժելու հարցում իրենց վրա հույս դնել պետք չէ: Սակայն ավելի ուշ, քննադատությունների տարափի տակ, ՊՆ-ն հայտարարեց, որ կհոգա Արթուրի բուժման ծախսերը: Սակայն, ինչպես հետո պարզվեց, այդ ժամանակ արդեն ուշ էր:

Կոչ ենք անում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ևս անհրաժեշտ եզրահանգումներ անել մեր որդու հետ տեղի ունեցած պատմությունից:Հաջորդ շաբաթ մենք պլանավորում ենք Երևանում տալ մամուլի ասուլիս: Հանուն մեր որդու հիշատակի ենք մենք սկսում այս պայքարը: Հանուն նրա, որ Արթուրի ճակատագրին ոչ մի հայ զինվոր այլևս չարժանանա»,-ասված է հաղորդագրության մեջ: