AM
6 Դեկտեմբեր 2012 - 10:07 AMT

Պարտադիր կուտակված թոշակը ոչ ամուսնալուծությունը կխլի, ոչ էլ դատարանը

2011 թվականից կամավոր գործում է, իսկ 2014-ից արդեն պարտադիր կսկսի գործել բազմաստիճան կենսաթոշակային համակարգը: Չնայած համակարգը դեռ 2 տարի առաջ է կամավոր սկզբունքով սկսել աշխատել, բայց միայն մեկ ամիս առաջ է լիցենզավորվել առաջին և դեռևս միակ կազմակերպությունը: Այս պատճառով դեռ վիճակագրություն չկա, թե քանի քաղաքացի է ցանկացել կամավոր անցնել այս համակարգին: Հիմնավորումը «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանին է: Այսօր ասուլիսի ժամանակ նա ևս մեկ անգամ տեղեկացրեց.

«2014 թվականից սկսած մինչև 40 տարեկան քաղաքացիները պիտի սկսեն խնայել` իրենց աշխատավարձի 10 տոկոսի չափով, որից 5 տոկոսը վճարվելու է նրա կողմից, իսկ մյուս 5 տոկոսը կփոխանցվի պետբյուջեից` անձի կենսաթոշակային անհատական հաշվին»:

Արտակ Ղազարյանի խոսքով փաստացի տնօրինվող եկամուտը չի նվազեցվելու, այլ պայմանագրային աշխատավարձի մեջ գործատուն է փոփոխություններ մտցնելու: Կուտակված գումարը ենթակա չէ բաժանման ամուսնալուծության դեպքում, ենթակա չէ բռնագանձման դատարանի կողմից, իսկ կենսաթոշակային այս բարեփոխումն ամենահեղափոխականներից մեկն է: