AM
6 Դեկտեմբեր 2012 - 12:50 AMT

Արմեն Ռուստամյան. ՀՅԴ տալիս է լուրջ փոփոխությունների ճանապարհային քարտեզը

ՀՅԴ-ն տալիս է երկրում լուրջ փոփոխությունների ճանապարհային քարտեզը: Կուսակցության առաջարկած քաղաքական «Միասնական օրակարգ-նախագահական ընտրություններ» թեմայով պլատֆորմի հանրային քննարկում տեղի ունեցավ:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ այս նախագծի մասին երկար ժամանակ է խոսվում է: «Հայաստանի ապագան կախված է ապագա նախահագի այն գիտակցումից, որ այսպես չի կարող շարունակվել: Այս ընթացքը փոխելու գործին է ուղղված մեր առաջարկած 7-կետանոց ծրագիրը»,- քննարկման ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարծում է, որ առանձին որևէ ուժ չունի քաղաքական այնպիսի աջակցություն, որ կարողանա միայնակ փոփոխություններ իրականացնել: «Հնարավորինս լայն համաձայնության հասնելու ճանապարհը մեկն է՝ հասնել այս օրակարգի և ճանապարհային քարտեզի ընդունմանը, հետո նոր միասնական թեկնածու ընտրել»,- ասաց նա:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ առանց միասնական մոտեցումների դժվար է ակնկալել լուրջ փոփոխություններ այս ընտրություններում:

Քննարկման ժամանակ Արմեն Ռուստամյանը ներկայացրել է այն 7 կետերը, որոնք կապահովեն պետության վերելքը: «Որևէ կետ առանց մյուսի իրականացման չի կարող բերել անհրաժեշտ փոփոխության»,- ասաց նա:

ՀՅԴ-ն այս համակարգով առաջարկում է մինչև 2015թ. նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու նպատակով: Փաթեթում է նաև առաջարկը, որով նախատեսվում է վերահսկել իշխանություններին ու հակակշիռ ստեղծելու համար օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ըննդիմությանը: ՀՅԴ-ն առաջարկում է հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը: Կուսակցությունը անդրադարձել է նաև պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությանը: Ըստ ՀՅԴ-ի՝ արտաքին քաղաքականության մեջ պետք է որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության, ինքնուրույնության ապահովումը: Եվ վերջապես, Հայաստանի և Արցախի միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ էր ներկա քննարկմանը, նա նկատել է, որ դե յուրե սահմանադրական, քաղաքացիական պետություն ունենալու ՀՅԴի-ի այս նախաձեռնությունը բեկումնային է: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նախագիծը համարեց հույսի ծրագիր:

Միջոցառմանը ներկա են եղել ՀԱԿ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի ներկայացուցիչներ, փորձագետներ և վերլուծաբաններ: