AM
6 Դեկտեմբեր 2012 - 13:03 AMT

ԿԸՀ. ԱԺ լրացուցիչ ընտրություններում թեկնածուները գործել են օրենքին համապատասխան

Այսօր գումարած հերթական նիստում ԿԸՀ-ն քննարկել է 2012թ. դեկտեմբերի 2-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 28.10.2012թ.-02.12.2012թ. ժամանակահատվածի համար:

Հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ընտրություններին մասնակցած բոլոր հինգ թեկնածուները բացել են նախընտրական հիմնադրամներ և պատշաճ կարգով ներկայացրել են հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու 10 միլիոնը չգերազանցող գումար:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրել: