Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում փոխվել է ամեն ինչ:
«Հիմնականում փոխվել է ժողովրդի հոգեբանությունը: Երբ մարդ կորցնում է իր հարազատներին, ունենում է այդպիսի անդառնալի կորուստներ, արդեն դժվար է կարողանում ինչ-որ բանի հավատալ: Մեր քաղաքի բնակիչներից շատերին այդ ցավը չի թողնում վերադառնալ իրականություն»,- նշեց Ջուլֆալակյանը:
Ըստ նրա, ով ուժ գտավ իր մեջ, պայքարեց ցավի դեմ` շարունակեց կյանքը և այսօր կամաց-կամաց կառուցում է իր քաղաքը: «Ես հիմա Գյումրիում չեմ ապրում, բայց իմ հարազատներն այնտեղ են, ու ես հաճախ եմ գնում մեր քաղաք: Գյումրին աշխույժ ու հումորով քաղաք էր, հիմա այն շատ է փոխվել: Ես շատ եմ տխրում, երբ գնում եմ այնտեղ ու տեսնում, որ չկա առաջվա Գյումրին»,- ավելացրեց Օլիմպիական չեմպիոնը:
Մարզիչը հիշեցրեց, որ մինչև 1988-ի ավերիչ երկրաշարժը, Գյումրին արդյունաբերական մեծ քաղաք էր, և գրեթե բնակիչների մեծ մասն ապահովված էր աշխատանքով. «Այսօր, ցավոք, կա գործազրկության խնդիր: Բայց ես լավատես մարդ եմ, ու կարծում եմ, որ Գյումրին նորից կծաղկի ու կշարունակի ապրել իրեն հատուկ կյանքով»:
Գյումրին շարունակում է լինել մարզական քաղաք, և գյումրեցի մարզիկները Հայաստանի տարբեր հավաքականների կազմում նվաճում են մեդալներ և ուրախացնում են իրենց երկրպագուներին:
«Սպորտն այն ոլորտն է, որով գյումրեցին իսկապես այսօր կարող է հպարտանալ և ուրախանալ: Սպորտի բնագավառում շատ դրական փոփոխություններ են լինում: Գյումրեցին շատ կամային է, և նա կարող է կրկին մեծ հաջողությունների հասնել»,- ավելացրեց նա:





