AM
7 Դեկտեմբեր 2012 - 06:04 AMT

Վազգեն Բադալյան. Վանաձորում հնարավորինս վերացվել են երկրաշարժի հետքերը

Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ փլվել է նաև այն շենքը, որտեղ նա էր բնակվում իր ընտանիքի հետ:

«Ահավոր օր էր, բոլորս աշխատանքից տուն էինք շտապում` անհանգստանալով մեր ընտանիքների համար: Մեր շենքի մուտնքն էր ամբողջությամբ փլատակներով ծածկվել, և 8 հոգի մարդ էր մահացել: Ես ընտանիքիս հետ ստիպված եղա տեղափոխվել իմ հայրական տուն, որտեղ մենք ապրեցինք 3 տարի, մինչև որ 1991 թվականին բնակարան ստացանք»,- ասել է Բադալյանը: Հիմա ըստ նրա, Վանաձորում շատ բան է փոխվել, և հնարավորինս վերացվել են երկրաշարժի հետքերը: Բադալյանը հատկապես կարևորում է այն, որ տնակային ավանները քչացել են, և երկրաշարժից գրեթե բոլոր տուժածները բնակարաններ են ստացել:

«Առափնյա փողոցում դեռ կան տնակներ, բայց հույս ունեմ, որ մոտ ապագայում դրանք ընդհանրապես կվերանան: Հիմա քաղաքը վերգտել է իրեն ու ապրում է աշխույժ կյանքով: Հատկապես շատ ակտիվ է մշակութային կյանքը, մշտապես անցկացվում են թատերական ներկայացումներ և ցուցահանդեսներ: Ես էլ նկարիչ եմ ու մշտապես ներկա եմ լինում դրանց»,- ավելացրել է նա: Վազգեն Բադալյանը նաև բռնցքամարտի ակումբ ունի, որտեղ մարզվելու հնարավորություն ունեն պատանի բռնցքամարտիկները: Երևանում անցկացվող երիտասարդական աշխարհի առաջնությունում Բադալյանի սաներից մասնակցել է Արման Դարչինյանը. «Ինձ տարածք են հատկացրել երկրորդ ակումբը բացելու համար, սակայն բավարար ֆինանսական միջոցներ չունեմ այն կառուցելու համար: Դիմել եմ ՀԱՕԿ-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային ու սպորտի նախարարությանը, սակայն որևէ արձագանք չկա: Ես պարզապես ցանկանում եմ, որ մեր երեխաների առօրյան հետաքրքիր անցնի ու նրանք կարողանան իրենց ժամանցը կազմակերպել: Ցանկանում եմ, որ նրանք մեր երկրի համար պիտանի մարդիկ դառնան»: