AM
7 Դեկտեմբեր 2012 - 06:06 AMT

«Հրապարակ». Ոստիկանությունում հնարավոր են կրճատումներ

«Հրապարակ» թերթը գրում է, որ ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանությունում ակտիվորեն քննարկվում էր համակարգի աշխատողների մասնագիտական գիտելիքները ստուգելու համար թեստավորում անցկացնելու հարցը: Անգամ համազգեստավորների շրջանում մտավախություններ կային, որ թեստավորումը կրճատումների պատճառ կդառնա: Թե ի՞նչ փուլում է գործընթացը, երեկ «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել է ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանից: «Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողներն ամեն շաբաթ մասնագիտական համապատասխան պարապմունքներ կանցկացնեն, ինչից հետո կլինի ստուգատես, որի ժամանակ էլ կցուցադրվեն գիտելիքները»,- ասել է նա` չբացառելով, որ կլինեն նաև ազատվողներ:

«Արդյունքներով պայմանավորված` հնարավոր է, որ որոշ աշխատակիցներ տեղափոխվեն այլ ծառայություն, հնարավոր է լինեն աշխատակիցներ, որոնց կտրվի լրացուցիչ ժամանակ` վերստին պարապելու, չի բացառվում, որ լինեն այնպիսիք, որոնք կազատվեն աշխատանքից»: Իսկ հնարավո՞ր է, որ թեստավորման գործընթացի իրական նպատակը կադրային կրճատումներն են: «Նպատակն է բարձրացնել կատարողական կարգապահությունը»,- պատասխանել է Ահարոնյանը: