Դեկտեմբերի 6-ին Դուբլինում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Դուբլինում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Եռանախագահների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ տարվա սկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
Նույն օրը, Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը, դեկտեմբերի երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:





