AM
7 Դեկտեմբեր 2012 - 07:49 AMT

ՀՀ արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Դուբլինում

Դեկտեմբերի 6-ին Դուբլինում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ՀՀ արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Դուբլինում:

Նախարար Նալբանդյանի և Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Գարսիա-Մարգալյոյի հետ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանն, միջազգային կազմակերպություններում համագործակցությանն, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանն, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանն առնչվող հարցեր:

Դուբլինում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի պատվիրակության ղեկավար, արտգործնախարարի տեղակալ Մարտա Դասսուի հետ: Հանդիպմանը կարևորվեց երկկողմ փոխգործակցության զարգացման դինամիկայի պահպանումը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի, միջխորհրդարանական համագործակցության, Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ միջնորդների կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։