AM
7 Դեկտեմբեր 2012 - 10:30 AMT

Նիկոլայ Գրիգորյան. Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասը ԱԻՆ-ի հիմնումն էր

Խորհրդային Միության տարիներին աղետներ «չէին լինում»: Չեռնոբիլից հետո Սպիտակի երկրաշարժն ամենամեծ աղետն էր, որը ցույց տվեց`այդ հզոր պետույթունն անկարող էր դիմակայել նման աղետների: Կարծիքը ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Նիկոլայ Գրիգորյանինն է, ով այսօր ասուլիս ժամանակ ասաց.«Մեր նպատակը աղետակայուն պետություն ունենալն է: Ամենակարևոր դասը, որ քաղեցինք Սպիտակի երկրաշարժից, ԱԻՆ-ի հիմնումն էր: Այն իր բոլոր ծառայություններով, ներառյալ նորաստեղծ 911-ը, արդեն շահել է բնակչույթան վստահությունը»:

Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ ասել, թե հիմա կարող ենք լիարժեք դիմագրավել հնարավոր աղետներին, բարձր կհնչի, բայց հիմք կա: Արդեն մեկ տարի է աղետների ռիսկերի նվազեցման պլատֆորմն է գործում: Այն հնարավորություն է տալիս ներգրավել երկրի ամբողջ ներուժը` կառավարման համակարգը, մասնավոր հատվածը, ազգային ու միջազգային կառույցները, անհատների:

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանի խոսքով՝ Հայաստանը փրկարար ծառայություն արտահանող երկիր է, 2011 թվականին ՄԱԿ-ի կողմից ՀՀ-ն ճանաչվեց կարճ ժամանակում հաջողությունների հասած երկիր: Բայց մենք էլ կարիքներ ունենք: Գլխավոր բացն ուսուցումն ու արագ արձագանքման պատրաստ ամենագնաց մեքենաներով փոքր խմբերն են: Նիկոլայ Գրիգորյանն ավելացրեց` տեխնիկական հագեցվածությունն առհասարակ և բնակչության իրազեկվածությունն ամենագլխավոր խնդիրներն են: Փրկարարների ցածր աշխատավարձն էլ այլ խնդիր է:

«Աշխատավարձը 100 հազարից քիչ ավելի է: Փրկարարների 70 տոկոսից ավելին, եթե նվիրյալ չլիներ, չէր գա աշխատանքի: Այլ աշխատանքով էլ նույն գումարն ու ավելին էլ կարող են վաստակել: Հատկապես հրշեջ-փրկարարների աշխատավարձի ուղությամբ նախարարը քայլեր է ձեռնարկում», – ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Վերջում նա խնդրեց անպայման ուշադրություն դարձնել այն փաստին, որ աղետներից ավելի շատ զոհեր չեն լինում, քան կենցաղային անվտանգության տարրական կանոնները չիմացությունից կամ չպահպանելու հետևանքով: