Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով` Լույսերի տոնին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ bՏարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը գործնական մի քանի հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել են երկու քույր քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:
Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեծ Լիոնի քաղաքային տրանսպորտի կառավարումն իրականացնող «Սիտրալ» տրանսպորտային ձեռնարկության նախագահ Բեռնար Ռիվալտայի հետ: Լիոնի քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարների մասով էլ «Սիտրալ»-ի նախագահը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում երթուղագծերի ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, որի նպատակով արդեն իսկ նախատեսել են ծախսել շուրջ 2.1 մլրդ եվրո:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մասնագիտական խումբ գործուղել Լիոն` տեղում աշխատանքների կազմակերպման մոտեցումներն ուսումնասիրելու և այն Երևանում ներդնելու համար: Այս նասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:





