Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, ապա գործող նախագահ Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ կհաղթի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին ուժերը ստիպված կլինեն կողմնորոշվել և պարզ կդառնա, թե ով կմասնակցի նախագահական ընտրություններին, կառաջադրվի Գագիկ Ծառուկյանը, թե` ոչ»,- ասաց նա: Քաղաքագետը նկատեց, որ Ծառուկյանի առաջադրվելու հավանականությունն ավելի մեծ է, քան չառաջադրվելունը, իսկ հաջողությունը կախված է նրանից, թե ինչպիսի՞ քարոզարշավ կտանի Գագիկ Ծառուկյանը և իրական մրցակից կդառնա՞ երկրի նախագահին:
«Այս պահին Ծառուկյանին ինչ-որ առաջարկություններ են անում, որպեսզի վերջինս պաշտպանի Սերժ Սարգսյանին: Ակնհայտ է, որ նրան չեն բավարարում չառաջադրվելու դիմաց արված առաջարկները»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանը հնարավորություն ունի հավաքել լուրջ ձայներ, հատկապես եթե ընտրություններին գնա ՀԱԿ-ի, Դաշնակցության և այլ կուսակցությունների հետ: «Ծառուկյանը կարող է 30% ձայն հավաքել, իսկ դա մեծ հայտ կլինի քաղաքականության մեջ»,- համոզմունք հայտնեց Ալեքսանդր Իսկանդարյանը:





