Արցախյան բանակցային գործընթացը չպետք է դադարեցվի: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը մնան բանակցությունների նավակի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նկատեց, որ Մինսկի խմբից և դրա հայտարարություններից բողոքում են երկու կողմերն էլ: Ադրբեջանում համոզված են, որ համանախագահները հայամետ են, Հայաստանում էլ՝ հակառակ կարծիքն ունեն:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հակամարտությունը կարգավորելու առաքելությունն ավելի ֆորմալ բնույթ ունի, նրանց առաջադրանքն է պահպանել գործընթացը, ոչ թե ինչ-որ մեկին պատժել կամ արդարացնել»,- նկատեց քաղաքագետը: Նա նաև ասաց, որ համանախագահներն ամեն կերպ փորձում են հավասարակշռությունը պահպանել և հնարավոր տեղաշարժ ապահովել:





