AM
7 Դեկտեմբեր 2012 - 12:48 AMT

ՀՀԿ պատվիրակները գերմանացի գործընկերների հետ քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության 25-րդ համագումարին մասնակցած ՀՀԿ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ Խորհրդի անդամ Արման Սահակյանը, վերադարձել է Հայաստան:

Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը հանդիպումներ են ունեցել նաև ՔԴՄ արտաքին քաղաքականության պատասխանատու, Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Միսֆելդերի, Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության փոխնախագահ Անդրեաս Շոկենհոլֆի և ՔԴՄ խմբակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Մանֆրեդ Գրյունդի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀԿ-ՔԴՄ համագործակցության ընդլայնման հեռանկարներին, տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում բարեփոխումների ընթացքին և գալիք նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից, Արմեն Աշոտյանը ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի անունից ՔԴՄ ղեկավար վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և շնորհակալություն հայտնել հրավերի համար: