Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով այսօրվա նիստում շարունակվել է տուժող Արկադի Աղաջանյանի հարցաքննությունը:
Նա նշել է, որ ականատես է եղել, թե ինչպես է համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանը հայհոյել, ապա հարվածել տուժող Վահե Ավետյանի դեմքին: Մի քանի վայրկյան անց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դիտողություն է արել մատուցողին՝ «մենք ստեղ կանգնած, դու ոնց ես քեզ պահում»: Ն. Հայրապետյանը հավաստիացրել է՝ «մենք իրան կպատժենք»:
Զգալով, որ լարվածությունը աճում է, տուժողը զանգահարել է եղբորը, «տանտերերն» առանց պարզելու՝ ում է զանգահարում, պահանջել են անջատել հեռախոսը: Լարվածությունը թոթափելուն էր ուղղված Ա.Աղաջանյանի հայտարարությունը, թե ինքը «Երկրապահ»-ից է, ինչը չի համապատասխանում: Ի պատասխան լսել է համալիրի աշխատակիցների կողմից ամենահաճախ հնչող հարցը՝ «ո՞վ է հայհոյել»:
Պաշտպանական կողմի այն հարցին, թե ինչո՞ւ աճող լարվածության նկատելով չի զանգահարել ոստիկանություն, տուժողը հայտարարեց՝ «համարը չգիտեմ», ապա հավելեց, որ իր ընկերոջ՝ Վահե Ավետյանին բուժօգնություն ցույց տալն իր համար ավելի կարևոր էր:
Ըստ տուժողի, համալիրի ավտոկայանատեղիում մարդիկ էին, ովքեր իրենց էին սպասում: 15 հոգի: Տուժողն այնտեղ իր անմիջական հարևանությամբ ամբաստանյալներին չի տեսել, «դեմքերը չի ֆիքսել»: Ըստ նրա, միանգամից սկսվել է ծեծը, խառնաշփոթ էր, ստացել է ուժգին հարված ծոծրակին: Ըստ տուժողի, ծեծը կանխելու արտահայտություններ ու գործողություններ չեն եղել:
Այս նիստի ընթացքում ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը միջնորդել է դատարանին դատական սանկցիա կիրառել տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի նկատմամբ՝ ըստ պաշտպանի, ներկայացուցիչը լրագրողի հետ զրույցում յուրովի էր ներկայացրել իր պաշտպանյալի նախաքննական ցուցմունքները, տվել որակումներ՝ «թիկնապահ» և «կյաժ»: Դատարանը, սակայն, մերժել է պաշտպանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 10-ի նիստում:





