Դեռահասները գտնվում են ճգնաժամային տարիքում և կարիք ունեն ծնողների հոգատարությանը: Այս տարիքում փոխվում է երեխայի ներաշխարհը և սկսում է աշխարհին նայել այլ աչքերով, նշում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Ըստ նրա, այդ տարիքի պատանիներին պետք է ուղղորդի ընտանիքը: «Այդ ժամանակ չհասկացվածության խնդիր է առաջանում ծնողների հետ: Պատճառն այն էլ, որ դեռահասն ինտերնետից տարբեր խեղաթյուրված ինֆորմացիա է ստանում, նրա մոտ հավաքվում է տեղեկատվության հսկայական կույտ: Նրանք շատ հետարքրքրված են դառնում հատկապես սեռական կյանքի նկատմամբ: Ինֆորմացիայի կույտը հանգեցնում է ներքին կոնֆլիկտի»,- նշեց Շահրամանյանը:
Սեքսապաթոլոգը նշեց, որ սրանից հետո պատանու մոտ առաջանում են սոցիալ- հոգեբանական խնդիրներ, ագրեսիա և ոչ ադեկվատ պահվածք:
Հոգեբան Սիրանուշ Անդրեասյանն էլ հավելեց, որ այդ տարիքում փոխվում են ֆիզիոլոգիական և հոգեբանական վիճակները. «Այս տարիքում շատ հարցեր են գլուխ բարձրացնում, նրանք դառնում են զգայուն, բայց միևնույն ժամանակ շատ ընկալունակ: Ծնողները հաճախ չեն կարողանում հասկանալ, որ իրենց երեխաները մեծացել են ու պետք է ավելի զգայուն լինեն նրանց հետ»:
«Ծնողները հիվանդագին են ընդունում այն փաստը, որ իենց երեխաների մոտ սեռական դրսևորումներ են նկատվում: Նրանք դիմում են հաճախ մասնագետների, որպեսզի խեղդեն այն ամենը: Սա շատ սխալ մոտեցում է, որովհետև դա օրգանիզմի զարգացման նորմալ ձև է: Նաև սա էլ պատճառը, որ երեխաների մոտ ի հայտ է գալիս դեպրեսիա և նևրոզ»,- հավելեց Շահրամանյանը:
Նա խորհուրդ է տալիս ծնողներին, որ երեխաների հետ փոքր տարիքից խոսել սեռակրթության մասին. «Սեռակրթությունը զրույց չէ սեքսի մասին: Այն կրթում է երեխայի մեջ ընտանիքի գաղափարը: Եվ եթե ծնողը ճիշտ է վարվում իր երեխայի հետ, ապա նա արդեն դեռահաս տարիքում ավելի պատրաստ է լինում»:





