Այսօր Օսլոյում Եվրոպական Միությանը շնորհվելու է Խաղաղության Նոբելյան մրցանակը: Բացի մրցանակից, ԵՄ-ին կհանձնվի 1,2 մլն դոլար դրամական պարգև:
«Նոբելյան մրցանակը ստանալու առիթը շատ լավ հնարավորություն է Եվրոպայի և ամբողջ աշխարհի մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչն է, որ ԵՄ-ն այդքան հատուկ է դարձնում: Նաև լավ առիթ է նոր կյանք հաղորդել ԵՄ-ում հնչեցվող խաղաղության ուղերձին, որը երբեմն ոմանց ժամանակավրեպ կամ հնացած է թվում»,-այսօր ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
«Մենք բոլերս տարբեր ենք, բայց դրանք չպետք է մեզ բաժանեն: ԵՄ շրջանակում մենք համախմբված ենք մեր տարբերության և բազմազանության շնորհիվ: Այս կարգախոսն է, որ կցանկանայի, որ ճիշտ ընկալվեր և ընդունվեր Հարավային Կովկասում»,-նշեց Հրիսթեան:
Հիշեցնենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ դեմ են արտահայտվել Նոբելյան կոմիտեի այս որոշմանը:
«Ակնհայտ է, որ ԵՄ-ն այն պայքարողը չէ, որ նկատի ուներ Ալֆրեդ Նոբելն իր կտակում»,-ասվում է դափնեկիրների նամակում:
«Նոբելյան կոմիտեն նենգափոխել է մրցանակի հասկացությունն ու մոդելը, ինչը հակասում է օրենքին»,-ասել են նրանք:





