Կիրակի օրը Երեւանում մեկնարակել են Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի (ԱԶՍԾԲ) Կառավարիչների խորհրդի յոթերորդ ժողովը եւ Սեւծովյան գործարար համաժողովը: Գործարար համաժողովին հրավիրվել են Սեւծովյան տարածաշրջանի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք միջազգային եւ ֆինանսական կազմակերպությունների` Եվրամիության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում է Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը ԱԶՍԾԲ -ի Ռուսաստանի կառավարիչ` ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Սվետլանա Գանեեւայի գլխավորությամբ: Բանկի ժողովը, որն ընթանում է Հայաստանի նախագահի եւ կառավարության հովանու ներքո, քննարկում է բանկի 2004 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, ԱԶՍԾԲ զարգացման առանցքային հարցեր, ինչպես նաեւ կընտրի Կառավարիչների խորհրդի նոր նախագահին: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Այս տարի համաժողովի քննարկման հիմնական թեմաներն են կովկասյան տարածաշրջանի ներդրումային քաղաքականության իրականացման եւ միջազգային կազմակերպությունների դերը այդ գործընթացում, ինչպես նաեւ ֆինանսական սեքտորի զարգացման եւ Հայաստանում ու Սեւծովյան տարածաշրջանում փոքր բիզնեսի աջակցման խնդիրները: Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը հիմնվել է 1994 թվականին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների կողմից: ԱԶՍԾԲ անդամներ են` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան: ԱԶՍԾԲ-ն նպաստում է նրան անդամակցող երկրների տնտեսական զարգացմանը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների ծրագրերի ֆինանսական աջակցության միջոցով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:





