AM
11 Դեկտեմբեր 2012 - 07:06 AMT

Այսօր լրանում է անվանի աստղագետ Գաբրիել Կոջոյանի 85-ամյակը

Այսօր լրանում է 20-րդ դարի սփյուռքահայ ականավոր աստղագետներից և ամերիկյան հայտնի ռադիոաստղագետներից մեկի` Գաբրիել Կոջոյանի 85-ամյակը: Նա լուրջ ներդրում ունի ինչպես աստղաֆիզիկայի, այնպես էլ աստղագիտական սարքաշինության մեջ:

Կոջոյանը ծնվել է 1927թ. դեկտեմբերի 11-ին Փրովիդենսում (Ռոդ-Այլենդ, ԱՄՆ): Ավարտել է Բրաունի համալսարանը (1952)` ստանալով բակալավրի կոչում էլեկտրական ճարտարագիտության բնագավառում: Այնուհետև` 1957-ին, ավարտել է Ռոդ-Այլենդի համալսարանը` ստանալով մագիստրոսի կոչում միջուկային ֆիզիկայի բանագավառում: 22 տարի ապրելով Վիսկոնսին նահանգում, այնուհետև տեղափոխվել է Կալիֆոռնիա: Ստացել է գիտությունների դոկտորի կոչում ֆիզիկայի բնագավառում (1966, Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի): Աշխատել է Թրեյսերլաբում (1966-1967), ՆԱՍԱ-ի Էյմս (1967-1968), Մասաչուսեթսի համալսարանում (1969-1971), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT, 1972-1973), և Իրանի Շիրազի Պահլավի համալսարանում (1975-76): 1976-ին և 1978-ին որպես այցելու պրոֆեսոր աշխատել է նաև Բյուրականի աստղադիտարանում, ակադ. Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, ուսումնասիրելով Մարգարյանի գալակտիկաները:

Կոջոյանի գիտական հետաքրքրությունները վերաբերում էին արտագալակտիկական և գալակտիկական ռադիոաստղագիտությանը, որը նրա հետազոտությունների առաջնային բնագավառն էր: Հետազոտությունների մյուս բնագավառներն էին տարրական մասնիկների ֆիզիկան, արեգակնային ֆիզիկան և ոչ գծային օպտիկան: Կյանքի վերջին տարիներին աշխատել է նաև քվանտային կետերի հարցի շուրջը` Արիզոնայի համալսարանի Օպտիկական գիտություների կենտրոնում:

Նախաձեռնել, նախագծել և իր խմբի հետ համատեղ կառուցել է մեծ ճշտության կոորդինատների չափման սարք: Նրա կարևորագույն աշխատանքներից էին Մարգարյանի գալակտիկաների կոորդինատների չափումները, որն իրականացվեցլ է Բյուրականի աստղագետների հետ համատեղ: Մահվանից առաջ նախաձեռնել է նաև Բյուրականյան Երկրորդ շրջահայության օբյեկտների կոորդինատների չափումների ծրագիրը: Կոջոյանի գիտական աշխատանքները միշտ առաջ էին բերում լայնածավալ ծրագրեր, որտեղ կարող էին ընդգրկվել և հաջողություններ ունենալ նաև նրա աշակերտները:

Մահացել է 1998թ. մայիսի 17-ին` 70 տարեկանում: