Դեկտեմբերի 9-ին Բոստոնի հայ համայնքը կազմակերպել էր դասական համերգ` նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ անդամակցության 20-ամյա հոբելյանին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Սուրբ Երրորդություն տաճարում մատուցված դասական հոգևոր համերգին ներկա շուրջ հազար ունկնդիրներին մատուցվեց հայ, ամերիկացի և եվրոպացի հանրահայտ հեղինակների ստեղծագործությունները: Համերգին ելույթ ունեցան Բոստոնի օպերայի, սինֆոնիկ նվագախմբի և Նյու Յորքի Մետորպոլիտեն օպերայի մեներգիչները, «Երևան» երգչախումբը և նվագախումբը` ամերիկաբնակ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ:
Համերգի վերջում ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` ընդգծելով, որ երկրի անկախության ամրապնդման ճանապարհի կարևոր հանգրվաններից էր անդամակցությունը միջկառավարական ունեվերսալ այդ կազմակերպությանը 1992թ.: ՀՀ դեսպանը նաև նշեց, որ ՄԱԿ-ում ներգրավված աշխատանքի միջոցով Հայաստանը շարունակաբար իր հանձնառությունն է դրսևորում միջազգային խաղաղության պահպանման ու ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության պաշտպանության ու խրախուսման հարցերում, մասնակցում սոցիալական, տնտեսական ու կայուն զարգացման հիմնահարցերի ու օրակարգերի քննարկմանն ու մշակմանը:
Դեսպան Նազարյանը արժեվորեց Հայաստանի ու Արցախի Հանրապետության անկախության զարգացման հարցում սփյուռքի դերակատարումը:
ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի առթիվ 2012թ.-ի ընթացքում Հայաստանում և ԱՄՆ-ում տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ` ցուցահանդես ու գրքի շնորհանդես, դասախոսություններ, ընդունելություններ, համերգներ, որոնց սկիզբն ազդարարվեց Երևանում մարտի 2-ին ԱԳՆ-ում տեղի ունեցած միջոցառումով:





