AM
11 Դեկտեմբեր 2012 - 09:41 AMT

Ռազմական փորձագետ. Ադրբեջանը փորձում է տագնապ սրել և Արցախը զիջելու գաղափար հասունացնել

Ադրբեջանը փորձում է մեր երկրում հասարակության մեջ սրել տագնապը ու Արցախը զիջելու գաղափար հասունացնել: Այսօր ասուլիսի ժամանակ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն իր այս մտքին ավելացրեց նաև, որ Ադրբեջանը պատերազմի չի դիմում, քանի որ պատրաստ չէ և ռազմական և հոգեբանական առումներով:

«Կա հրադադար, պատերազմի պոտենցիալ վտանգ, անորոշություն, տագնապ, բայց պիտի հասկանանք նաև, որ այդ նույն տագնապը կա նաև նրանց մոտ, և մենք չպիտի տրվենք նրանց պրիմիտիվ քարոզչությանը և մտածենք զիջումներ անելու մասին»,- ասաց Ջամալյանը:

Նրա խոսքով, այնպես չէ, որ ադրբեջանցիներն օր ու գիշեր սպասում են պատերազմի, կռիվ չցանկանալը նրանց էլ է բնորոշ: Ատելությունը հայի հանդեպ պաթոլոգիա է, բայց դա պատերազմին պատրաստ լինելու նշան չէ:

«Պատերազմ կլիներ այն դեպքում, եթե մենք թույլ լինեինք, կգային ու մեր գլխին նոր 1915 կսարքեին: Պատերազմին պատրաստ լինելով է միայն հնարավոր կանխել պաստերազմը»,- ասաց Դավիթ Ջամալյանը: