«Ես գլխով պատասխան եմ տալիս Երևանի արտաքին ձևավորման յուրաքանչյուր տարրի համար»,- նման հայտարարություն արեց այսօր ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին` ի պատասխան մայրաքաղաքի ամանորյա ձևավորման վերաբերյալ հակասական կարծիքներին և դժգոհություններին: «Այս տարի մշակված ամանորյա ձևավորման հայեցակարգի շրջանակում իրականացվող աշխատանքները շատ տարբեր են դարձնելու տոնական Երևանը նախորդ տարիներից:
Եթե այդ ձևավորումները երևանցիների մի մասին դուր չեն գալիս, ապա դա նորմալ է, որովհետև բոլորի ճաշակին համապատասխան ձևավորում դժվար կլիներ մշակել: Բացի այդ, կան ձևավորման տարրեր, որոնք տեղադրվում են, բայց հետագայում, երբ ակնհայտ է դառնում, որ դրանք համատեքստին այնքան էլ համահունչ չեն կամ չեն համապատասխանում, մենք փոխում ենք, շտկում: Ամեն դեպքում ես կոչ եմ անում, որպեսզի երևանցիներն իրենց եզրակացություններն անեն դեկտեմբերի 20-ից հետո»,- նշեց նա` հավելելով, որ բոլոր աշխատանքներն ուղղված են միայն մեկ նպատակի` ամանորյա հրաշքի մթնոլորտ ստեղծել Հայաստանի մայրաքաղաքում:





