AM
11 Դեկտեմբեր 2012 - 11:04 AMT

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը բնակիչներին հորդորում է ավտոտնակները մոխրագույն ներկել

Արաբկիր վարչական շրջանում մի քանի ավտոտնակներին փակցվել էր հայտարարություն, որով սեփականատերերին հորդորում են ավտոտնակները ներկել մոխրագույն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին, դա Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի առաջարկությունն է: «Որպեսզի Արաբկիր վարչական շրջանում բակերն ավելի բարետես լինեն, շրջանի ղեկավարն առաջարկեց միագույն ներկել բոլոր ավտոտնակները, և քաղաքապետարանը հավանություն տվեց այդ առաջարկին: Քննարկեցինք և որոշեցինք, որ ամենանպատակահարմար գույնը մոխրագույնն է, քանի որ դա չեզոք գույն է, որի շնորհիվ, վստահեցնում եմ, ավտոտնակների տձև զանգվածն այլևս աչքի չի զարնի, և բակերն ավելի բարեկարգ տեսք կստանան»,- նշեց նա:

«Երբ աշխատանքները ավարտվեն, և պարզվի, որ նախաձեռնությունը դրական արդյունք տվեց, իսկ ես համոզված եմ, որ արդյունքը լավն է լինելու, չի բացառվում, որ հետագայում նման նախաձեռնություն իրականացվի նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում»,- հավելեց Երևանի գլխավոր դիզայները:

Ավտոտնակներին փակցված հայտարարությունը հետևյալն է. «Երևան քաղաքը ավելի բարետես դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը զգալի աշխատանք է կատարում շենքերի բակերի բարեկարգման ուղղությամբ:

Շենքերի բակերն ավելի բարեկարգ և բարետես դարձնելու, այնտեղ տեղադրված ավտոտնակների գունային խայտաբղետությունը վերացնելու նպատակով խնդրվում է, որ Դուք նույնպես աջակցեք այդ գործընթացին և Ձեր ավտոտնակը ներկեք Երևան քաղաքի համար միասնական մոխրագույն գույնով: Շնորհակալություն աջակցության համար»: