Դաշնակցության ներկայացուցիչների և նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպումը ՀՅԴ-ի գլխին չեկավ: Արդեն մի քանի օր է, երկրի քաղաքական ու վերլուծական շրջանակները քննարկում են այս հանդիպումն ու տարբեր կողմերից մեղադրանքներ են հնչում դաշնակցականների հասցեին: ՀՅԴ-ին մեղադրում են միասնական դաշտից շեղվելու, ընդդիմադիր դաշտը լքելու համար, ոմանք ասում են, որ նրանք պաշտոններ ստանալու խնդիր են լուծում և այլն: Այդ բոլոր կարգի մեկնաբանություններն իրականության հետ որևէ կապ չունեն: Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ և ես հույս ունեմ, որ շատ շուտով այդ կարգի դատողություններ և վերլուծություններ անողները կհամոզվեն հակառակում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում շրջանառվող լուրերն այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատև քննարկում ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների վերաբերյալ: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնութագրմամբ՝ սա ՀՅԴ հերթական հանդիպումների շարքից էր: Նա նաև հայտնել է, որ Սերժ Սարգսյանը դեմ է անցմանը կառավարման խորհրդարանական համակարգին և հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումներին: Նախագահը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով իր քայլը ճիշտ է եղել, իսկ ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին, ըստ Սերժ Սարգսյանի, խնդիրը կառավարման համակարգը փոխելու մեջ չէ:





