Եթե մինչ օրս նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը բավարարվում էր միայն հայտարարելով, որ նախագահական ընտրություններում ինքը հաստատ հաղթելու է, այժմ նա ձայների կոնկրետ թիվ է նշում: Էպոսագետը համոզված է, որ իր անվան կողքին գրվելու է ձայների 81 տոկոս: Այն, որ նախագահի թեկնածուն հայտարարում է, թե միանշանակ հաղթողը ինքն է լինելու, զարմանալի չէ: Դա նորմալ մարտավարություն է. չէր գալու ասեր, թե պարտվելու է:
Ամառվանից սկսված այս շոուն (չեմ խուսափի այդ բառն օգտագործելուց, քանի որ ոչ այնքան ակտիվ նախընտրական շրջանի և գործընթացի ամենազվարճալի մասը հենց Սեդրակյանի հայտարարություններն ու ասւլիսներն էին՝ և մարդկանց մեծ մասի, և լրագրողներից շատերի, և քաղաքական ուժերի համար)… և այսպես, այս շոուն իր ամենահետաքրքիր կետին հասավ այսօր: Էպոսագետը ասուլիսի ժամանակ ներկայացրեց արտաքին քաղաքականության հարցում իր դիրքորոշումները: Նա վստահ հայտարարեց, որ ընտրվելուց հետո Հայաստանին կմիացնի Նախիջևանն ու Ջավախքը: Ավելին, եթե հավատանք Սեդրակյանին, ապա հինգ տարուց Ջավախքի ու Հայաստանի միջև սահման չի լինի: Անկեղծորեն կիսելով էպոսագետի ցանկությունը՝ առաջին հարցը, որ մտքիս եկավ այն էր, թե ինչպե՞ս է դա անելու Վարդան Սեդրակյանը: Պատասխանը իհարկե չհնչեց: Վարդան Սեդրակյանը շատ արհեստավարժորեն «լղոզեց»՝ առանց քաղաքական գործիչներին հատուկ դիվանագիտության:
«Վրաստանի նոր ղեկավարությունը չի ցանկանում, որ հայերը ապրեն իրենց տարածքում: Մենք էլ կօգնենք նրանց լուծել այդ հարցը»,- ասաց Սեդրակյանն ու ավելացրեց, որ Թուրքիան պետք է մասնակցի Նախիջևանի հարցի կարգավորմանը և ինքը՝ որպես ՀՀ նախագահ, թուրքերի առաջ կդնի այց հարցը՝ Ցեղասպանության ճանաչման հետ միասին: Դե ի՞նչ, վերին ուժերն օգնական:
Վարդան Սեդրակյանն աբսուրդի գագաթնակետին հասցրեց այս շոուն և հայտարարեց, որ Արցախի անկախության և պետականության ստեղծումը ձախողվել է, և նախագահի աթոռին նստելուց հետո ինքը Արցախն՝ ազատագրված տարածքներով, անմիջապես կմիացնի Հայաստանին: Ի միջիայլոց, երեկ Արցախի անկախության հանրաքվեի և սահմանադրության օրն էր: Քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Արցախը Հարավային Կովկասում ամենակայացած պետություններից մեկն է: Սա էլ՝ հատուկ Սեդրակյանի համար:
Էպոսագետ-թեկնածուի արտաքին քաղաքականության հարցում նախատեսած մյուս կարևոր քայլը Իրանի հետ ռազմական դաշինք կնքելն ու ամեն կերպ այս պետությանն աջակցելն ու աջակցություն ստանալն է: Իհարկե, վատ ցանկություն չէ: «Մի մոռացեք, որ պարսիկները մեր դարավոր բարեկամներն են»,- ասաց նա:
«Մի մոռացեք նաև հարբած փղերին», – ասում եմ ես: Սա՝ ի դեպ:
Եվ այսպես, մինի-ներկայացումը մոտենում է վերջին արարին: Ժանրը՝ տրագիկոմեդիա: Դերերում՝ բոլորս:





