Այսօր պաշտոնապես բացվեց «Արտաքին հարաբերությունների խումբ» ՀՀ արտաքին հարաբերությունների համապարփակ ուսումնասիրման կենտրոնը: Այն իր աշխատանքը մեկնարկեց «Եվրամիություն-Հայաստան-Ռուսաստան. ավելին ավելիի դիմաց» խորագրով առաջին մասնագիտական բաց քննարկումով:
Ըստ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի, արտգործնախարարությունը միշտ բաց է եղել հասարակական քննարկումների համար: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում փոխարտգործնախարարը կարևորեց այն հանգամանքը, որ նախաձեռնությունը պատկանում է երիտասարդներին: «Մենք աշխատում ենք տարբեր հասարականան կազմակերպությունների, վերլուծական խմբերի հետ: Շատ հետաքրքիր կլինի լսել նաև այս նախաձռնության գնահատականները»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
«Արտաքին հարաբերությունների խմբի» նպատակն է Հայաստանի արտաքին հարաբերությունների լայնածավալ ուսումնասիրումը, որն ուղղված կլինի ՀՀ պետական շահերի առաջխաղացմանը:
Խմբի հիմնադիրներից Մարիամ Մաթևոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման նախաձեռնության ստեղծման պատճառներից մեկն այն էր, որ չկար արտաքին քաղաքականությունն ուսումնասիրող որևէ հետազոտական կազմակերպություն, որի գիտական վերլուծությունները հասանելի կլինեին լայն հանրությանը: Նա նաև նշեց, որ արտգործնախարարությունը դրական է արձագանքել նախաձեռնությանը և իրենք լայն համագործակցություն են ակնկալում:
Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վալերիու Ռազլոգը, Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ուլիեմ Վան դեր Գիստը և այլք:





