AM
11 Դեկտեմբեր 2012 - 14:49 AMT

«Փուչիկների գործով» դատապարտյալի վերաքննիչ բողոքի քննությունը կսկսվի դեկտեմբերի 24-ին

«Փուչիկների գործով» դատապարտյալ Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունը կսկսվի դեկտեմբերի 24-ին: Բոզոյանի պաշտպանը միջնորդել է մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Սերոբ Հարչիկի Բոզոյանի (ՀՀ քր.օր. 279 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով – ազատազրկում 1 տարի ժամկետով` կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով) վերաբերյալ 1710.2012թ. դատավճիռը` նշանակված պատժի մասով, ինչպես նաև Սերոբ Բոզոյանի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, իսկ ազատազրկում նշանակելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Այս մասին հայտնում են Դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով միակ մեղադրյալն էր: Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարվա ազատազրկման:

Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխվել է, և նոյեմբերի 17-ին դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, սակայն մինչ այդ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել էին հիվանդանոց: