Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը և Վրաստանի ֆինանսների նախարարը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Շնորհավորելով զրուցակցին Վրաստանի կառավարության անդամ դառնալու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովումն ու առավել սերտ գործակցության ձևավորումը մեր երկու երկրների հետագա հարաբերությունների ուղենիշն են լինելու:
Նախարար Խադուրին, համաձայնվելով Հայաստանի դեսպանի հետ երկկողմ բարեկամական կապերն ամրապնդելու անհրաժեշտության առումով, ընդգծեց, որ վրացական կողմը շահագրգիռ է Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև ձևավորված գործնական համագործակցության զարգացմամբ:
Դեսպան Մանուկյանը նախարար Խադուրիին փոխանցեց ՀՀ ֆինանսների նախարարի բարեմաղթանքները և առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպելու առաջարկությունը, ինչն ընդունվեց վրաց նախարարի կողմից:





