AM
12 Դեկտեմբեր 2012 - 09:30 AMT

Գևորգ Մելքոնյան. Ռուսաստանը համոզվեց, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ և հարվածում է թիկունքից

Դադարեցնելով Գաբալայի ՌԼԿ-ի շահագործման շուրջ բանակցությունները՝ Ռուսաստանը Ադրբեջանին հասկացնել է տալիս, որ այն ազդեցության լծակ էր, և Ադրբեջանը զրկվեց այդ լծակից: Ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի՝ այս իրադարձությունը նախևառաջ կվնասի Ադրբեջանին: Միևնույն ժամանակ, քաղաքագետի համոզմամբ, սա կորուստ էր նաև Ռուսաստանի համար:

«Կուտկաշենի (Գաբալա) ՌԼԿ-ի գոյությունը տարածաշրջանում Ռուսաստանին պետք էր: Կայանը հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ տարածքներ կարող էր վերահսկել: Անդրկովկասի շուրջ զարգացող իրավիճակում ցանկացած հետախուզական կետ կարևոր է: Երբ Ռուսաստանը հեռանում է հնարավոր ռազմական թատերաբեմից, չի կարող կորուսներ չունենալ: Իսկ Գաբալայի կայանը իրոք թույլ էր տալիս հսկել ցանկած մանևրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Շաքարյանցը: Նա կարծում է, որ բանակցությունների դադարեցման որոշումը կարող է ընդունված լինել Պուտինի մակարդակով:

Ասուլիսին ներկա էր նաև պատմաբան Գևորգ Մելքոնյանը, ով նկատեց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման հետ կապված լուրջ խուճապ կա Ադրբեջանում: «Ադրբեջանցիները բարձր պաշտոնյաների մակարդակով հայտարարում են, որ սա չի կարող վնասել հարաբերություններին, բայց նման դիրքորոշում դեռ չի հայտնել ռուսական կողմը»,- ասաց նա:

Պատմաբանը կարծում է, որ կայանի շահագործման ժամկետի երկարացման համար Ադրբեջանի պահանջները և դրանց հետևանքով բանակացությունների դադարեցումը ցույց տվեցին, որ Արդրբեջանը հարվածում է Ռուսաստանի թիկունքին:

«Ռուսաստանը համոզվեց, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ և հարվածում է թիկունքից: Միջազգային ռազմական պայմանագրերում չկա այնպիսի դեպք, որ կողմերից մեկը բազայի համար պահանջի տասնապատիկ ավելի գումար: Նրանք նաև պահանջում էին, որ ադրբեջանցի աշխատակիցների թիվը ավելացվի և փոխհատուցվեն բնապահպանական վնասները»,- ասաց Գևորգ Մելքոնյանը:

Սերգեյ Շաքարյանցն էլ նկատեց, որ Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, որ պոտենցիալ լրտեսը մտնի կայան: Նա համոզված է, որ ռուսները դուրս գալուց առաջ վերացրած կլինեն բոլոր տվյալները: