Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբն այսօր հաշվետվություն է ներկայացրել: Խումբը ձևավորվել նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` երեք տարի առաջ:
«Գաղտնիք չէ, որ այսօր էլ հատուկ դպրոցներում կան երեխաներ, ում ճակատագրի բերումով են հայտնվել այնտեղ`սոցիալական խնդիրներից ելնելով: Երեխաներ, որոնք չունեն որոշակի խեղում, շեղում կամ հիվանդություն, այլ իրենց ծնողները բերել են նրանց հատուկ դպրոց, որպեսզի պետությունը հոգա այդ երեխաների ոչ միայն կրթության կարիքը, այլև կենցաղային խնդիրները: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ ընտանիք ունեցող երեխան պետք է վերադառնա ընտանիք: Այլ հարց է, որ նրանց համար պետք է ապահովվի սոցիալական նվազագույն հնարավորություններ»,- ասաց ԿԳ նախարարը:
Մշտադիտարկում իրականացնող խումբը հաշվետվությունը ներկայացնելիս առանձնացրեց այն հարցը, թե ինչպես են երեխաները հայտնվում հատուկ դպրոցներում և ինչ է կատարվում նրանց հետ դրանից հետո: Նրանց կարիքների գնահատումը ֆորմալ գործընթաց որակվեց, որը հիմնվում է միայն բժշկական տեղեկանքի վրա: Եթե ինչ որ աշխատանք էլ արվում է, չի արձանագրվում փաստաթղթերում, հետևաբար, չի վերահսկվում և չի գնահատվում: Կամ ավելի վատ եզրակացություն` ոչինչ էլ չի արվում:
Ըստ հաշվետվության հատուկ դպրոցներում պատիժների համակարգն է խնդիր: Բռնություն կա, բայց դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները չեն ընդունում: Խնդիրը հնարավոր է լուծվի միայն այն դեպքում, եթե այն ժխտելու փոխարեն ընդունենք ու փորձենք լուծումներ գտնել:
Չկա մշակված այնպիսի մեխանիզմ, որը լիարժեք ապահովի դպրոց-ընտանիք կապը: Մտահոգիչ է անձնական հիգիենայի պահպանման խնդիրը: Արհեստագործական, գեղարվեստական, մարզական խմբակները «պարտադիր կամավորական» սկզբունքով են: Երեխաների հետաքրքրությանը համապատասխան խմբակներ գրեթե չկան: Տարիքային խմբերի առանձնահատկությունները հիմնականում հաշվի չեն առնված: Խումբը նաև առաջարկներ է ներկայացրել:
Հարցումներին մասնակցել է 6 տնօրեն, 67 ուսուցիչ, 27 ծնող, 150 աշակերտ:





