Գաբալայի ՌԼԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման շուրջ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների դադարեցումից հետո Հայաստանի դերը Ռուսաստանի համար մի քանի անգամ ավելանում է: Տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն այժմ ապահովում են Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց պատմաբան Գուրգեն Մելքոնյանը: Նա նաև նկատեց, որ հիմա ռուսները հայտարարում են, որ ավելի բարձր տեխնոլոգիաներով նոր կայան կկառուցեն:
Ասուլիսին ներկա էր նաև քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, նա ասաց. «Թե որ երկրում կլինի Ռուսաստանի նոր հնարավոր ռադիոտեղորոշիչ կայանը, կարող է որոշվել տարածաշրջանի մի քանի պետություններում սպասվելիք նախագահական ընտրություններից հետո»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ են անելու ադրբեջանցիները Գաբալայի ՌԼԿ-ի հետ և ո՞վ է այն շահագործելու, Գուրգեն Մելքոնյանը կարծում է, որ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ կայանը կշահագործի ինքը, բայց համապատասխան մասնագետներ Ադրբեջանում չկան: Պատմաբանը նշեց, որ այդ մասնագետները կհրավիրվեն Թուրքիայից և անունը կդնեն իբր Ադրբեջանն է շահագործում, իսկ իրականում դա կանի Թուրքիան: Գուրգեն Մելքոնյանի կարծիքով՝ այս ռադիոտեղորոշիչ կայանը Հայաստանի դեմ չի շահագործվի: Մեր երկիրը Ադրբեջանին շատ մոտ է, և նման հզոր կայան շահագործել միայն Հայաստանի դեմ, Ադրբեջանին նպատակահարմար չէ: «Կայանը կշահագործեն Իրանի դեմ, քանի որ այն շատ մեծ է: Մյուս կողմից տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության վտանգը կառաջանա: Դա էլ, առաջին հերթին, Ռուսաստանի և Իրանի դեմ կլինի»,- ասաց նա:
Իսկ ահա Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ կայանը շահագործելու հարցում կարող է ակտիվանալ ՆԱՏՕ-ն՝ Իսրայելի դերակատարմամբ: «Թիրախը կլինի Իրանը, ինչը, բնականաբար, սպառնալիք է նաև Հայաստանի համար»,- ասաց քաղաքագետը: Ավելացնենք, որ երկու օր առաջ ուժը կորցրեց «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Գաբալայի ՌԼԿ-ի կարգավիճակի, սկզբունքների և օգտագործման պայմանների մասին» համաձայնագիրը:





