Այս ընտրությունների գլխավոր ինտրիգի հանգուցալուծմամբ կանխորոշվեց նաև ընտրությունների ելքը` 70 օր առաջ:
Կարծիքը քաղաքագետ, «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ քաղաքական տրամաբանությունը հուշում էր, որ ԲՀԿ առաջնորդը պիտի առաջադրվեր: Քաղաքագետը չառաջադրվելու 4 պատճառ առանձնացրեց:
«Ի սկզբանե ԲՀԿ-ն ձևավորված էր որպես իշխանության պրոյեկտ` բնույթով, մարդկային ներուժով: Տիպիկ իշխանական, օլիգարխիկ կուսակցություն է և չէր կարող ընդդիմադիր լինել: Երկրորդ` ԲՀԿ-ում միասնական քաղաքական թիմ գոյություն չունի: Նման է ՓԲԸ-ի որտեղ իրարամերժ շահեր ունեցող բաժնետերեր են: Երրորդ`ԱՊՀ տարածքում ռուսական քաղաքական մշակույթն է գործում և այստեղ օլիգարխիան դատապարտված է հաշվի նստել իշխանության հետ: Չորրորդ`արտաքին քաղաքական ենթատեքստ եմ տեսնում: Ոչ թե վերլուծություն, այլ փաստ է, որ ռուսական շրջանականների ուղղորդմամբ էր սկսվել ՀԱԿ-ԲՀԿ մերձեցումը, որը կասեցվեց: Այն նպատակ ուներ վերահսկել Սերժ Սարգսյանի իշխանությունը, երբ նա երկչոտ քայլեր էր անում դեպի եվրանիտեգրում: Հիմա ռուսական շրջանակները կամ նախագահից հավաստացումներ ստացան, կամ հասկացան, որ ադեկվատ և արդյունավետ չէ այդ կերպ ազդելը», – ասաց Սուրեն Սուրենյանցը:
Նրա խոսքով՝ այսօրվա անապատացած քաղաքական դաշտն ու գնդակահարված ընտրողները հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի հետևանքն են:





