Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի կանգառում տեղադրված երկու էլեկտրոնային չվացուցակները դեռ փորձարկվում են և առայժմ չեն աշխատում 100 տոկոս ճշգրտությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը: Նա ասաց, որ այս ընթացքում դեռ ստուգվում, շտկվում են թերությունները և հնարավոր են որոշակի անճշտություններ: Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:





