ՀՀԿ-ն ընկել էր ԲՀԿ-ի հետևից, թե պետք է մեզ սատարես, իսկ ՀԱԿ-ը հույս ուներ, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն և կսատարի ՀԱԿ-ին: Այսօր «Նախընտրական դաշինքներ. ով ում է սատարում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու ԲՀԿ որոշմանը: Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը, ով արձագանքելով Սաֆարյանի դիտարկմանն, ասաց. «ՀՀԿ-ն երբեք չի ընկել ոչ մի քաղաքական ուժի հետևից և ամենակարևոր հարցը ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումն է»: Հովհաննես Սահակյանը նշեց, որ իրենք հարգում են ԲՀԿ-ի որոշումը:
Ստյոպա Սաֆարյանն էլ իր հերթին նկատեց. «Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը նշանակում էր՝ «գնացեք հեռու»: Այդպիսի որոշումն ուղղակի կորզվել է, ինչը վատ կանդրադառնա նախագահական ընտրությունների և ընդհանրապես քաղաքական դաշտի վրա»: Քննարկման մասնակից ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանն էլ ձեռնպահ մնաց ԲՀԿ-ի որոշումը գնահատելուց: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ կլինի մի զգալի ընտրազանգված, որն ընտրություն կատարելու դժվարություններ կունենա:





