AM
13 Դեկտեմբեր 2012 - 13:50 AMT

«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալը դադարեցրել է ինքնախեղումը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը, որի մասին առավոտյան տեղեկություն տարածվեց, որ կարել է բերանը և մեխել ոտքերը, արդեն դադարեցրել է ինքնախեղումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ ՔԿՀ վարչությունների մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:

«Նշանակվել է ծառայողական քննություն: Այլ տեղեկություն այս պահին տալ չեմ կարող», – ասաց նա:

ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակը միջադեպին չի միջամտել:

«Քանի որ դատապատյալը հոգեմետ դեղեր է պահանջել և Արդարադատության նախարարությունից էլ փոխանցել են, որ ծառայողական քննություն է ընթանում, առայժմ սպասում ենք քննության ավարտին, որ տեսնենք ինչ է եղել», -ասաց Նաիրա Կարմիրշալյանը:

Հիշեցնենք, որ ինքնախեղման դիմած Արթուր Սմբատյանը պնդում է, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը իրեն չի ընդգրկում «Մետադոն» կոչվող ծրագրում: Ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ: Դատապարտյաը պնդում է, որ , ՔԿՀ բուժվարչության պետի տեղակալ Գալուստ Կարապետյանը իրեն ծրագրում ընդգրկելու համար գումար է պահանջել: