AM
13 Դեկտեմբեր 2012 - 14:01 AMT

Նորակոչիկի ծնողներին խաբեբաները խոստանում են «գործերը դասավորել» ու գումար են շորթում

Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու նվիրական ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում: ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության և արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում: Հետևողական քայլեր են արվում զորակոչից զորակոչ բացասական երևույթները չեզոքացնելու, անարդարության, հովանավորչության ու կաշառքի սողանցքները փակելու, շահադիտական նկրտումներից գործընթացը զերծ պահելու ուղղությամբ:

Նախարարին առընթեր հասարակական խորհուրդը տեղեկանում է փաստերի, որոնք վկայում են ինչպես ձեռնարկված միջոցառումների արդյունավետության, այնպես էլ հասարակության շրջանում դրանց դրական ընկալման մասին: Սակայն կան բախտախնդիրներ, ովքեր հանդիպելով փակ դռների` «գործ դասավորելու» սին խոստումներ են տալիս մարդկանց` խաղադրույք կատարելով պատահականության վրա, և եթե «բախտը ժպտում է»` փոխհատուցում են շորթում իրենց չարած գործի համար: Հասարակական խորհուրդը, զգուշացնելով խաբեբաների ծուղակն ընկնելու վտանգից, հորդորում է քաղաքացիներին բոլորի համար ընդհանուր, հավասար ու անխտրական սկզբունքի պահպանման մեջ փնտրել սեփական շահը: