Դեկտեմբերի 13-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել է «Դեպի ծով ելք չունեցող պետությունների միջազգային իրավական կարգավիճակը. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին պատգամավորներ, նախարարությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրապետության գիտական, վերլուծական, իրավական և գործարար ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ առաջին անգամ դեպի ծով ելք չունեցող պետությունների հարցը լրջորեն արտացոլվել է 1965 թվականին Նյու-Յորքում կնքված ներմայրցամաքային պետությունների տարանցիկ առևտրի մասին կոնվենցիայում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ մինչ օրս հարցի վերաբերյալ քննարկումների եւ մոտեցումների արդյունքում բազմաթիվ համաձայնագրեր և փաստաթղթեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն:
Դեպի ծով ելք չունեցող կարգավիճակով պետությունների թիվը 50-ն է, որոնցից 30-ը զարգացող պետություններ են. դրանց թվին է դասվում նաև Հայաստանը: Գոյություն ունեցող կոնվենցիաների ու ՄԱԿ-ի տարբեր թվականներին ընդունված որոշումների համաձայն՝ ներմայրցամաքային պետությունները՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտներ, ունեն Համաշխարհային օվկիանոսին վերաբերող բոլոր տարածություններից և ռեսուրսներից օգտվելու իրավունք:
Ամփոփելով լսումներըէ Զաքարյանը նշել է, որ ԱԺ գարնանային նստաշրջանում խորհրդարանի վավերացմանը կներկայացվի Նյու-Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առեւտրի մասին» համաձայնագիրը:





