Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը Լիտվայի խորհրդարանի նախագահին իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումների մասին, նշելով, որ Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման ճանապարհը եւ կարեւորում է եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրություն ունենալը: Այդ առումով Ա.Բաղդասարյանը կարեւորել է լիտվական փորձի ուսումնասիրումը: Անդրադառնալով Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությանը` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը կողմնակից է իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների, ավելին` հանդես է գալիս Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությունը խորհրդարանական վեհաժողովի վերաճելու օգտին: Կողմերը քննարկել են նաեւ Մերձբալթյան եւ Հարավկովկասյան երկրների` 3+3 ձեւաչափով համագործակցությանը, որն արժանացավ բարձր գնահատականի: Իր հերթին Արթուրաս Պաուլաուսկասը իր այցի նպատակը համարեց տեղում իրավիճակին ծանոթանալով` հարաբերությունների զարգացումը: Նա եւս կարեւորեց երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը ու հատկապես եվրաինտեգրման լիտվական փորձը, որ ամփոփվել է չորս տարում շուրջ 1000 օրենքների ընդունումով: Նա նշեց, որ արդեն 2007 թ. Լիտվան պատրաստ է անցնել եվրոյի: Քննարկվեցին նաեւ Հայաստանի եւ Լիտվայի քաղաքների միջեւ բարեկամական կապերի հաստատման ու կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները, տնտեսական, գիտական-մշակութային ոլորտներում: Արթուրաս Պաուլաուսկասը Արթուր Բաղդասարյանին պաշտոնական այցով հրավիրեց Լիտվա:





