Հայ ազգային կոնգրեսում, ինչպես երևում է, որոշել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետքերով գնալ: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ եթե մինչև վերջերս քաղաքական ուժերը և ընդհանրապես հասարակությունը սպասում էին, թե ինչ որոշում է կայացնելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ, ապա հիմա էլ սպասում են, թե ինչ որոշում է կայացնելու Հայ ազգային կոնգրեսը: «Կոնգրեսում, սակայն, ինչպես երևում է, գործընկերոջ օրինակով լռության ուխտ են արել: Նախօրեին Բարգավաճի հրապարակած որոշումից հետո Կոնգրեսում քաղխորհրդի նիստ էին արել: Որևէ որոշում, սակայն, այդպես էլ չէր կայացվել: ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն ասել էր ընդամենը, թե Կոնգրեսում այս պահին շարունակվում են ստեղծված նոր քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումները, վերջնական որոշումը Կոնգրեսը կհրապարակի քննարկումների ամփոփումից հետո: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ընդհանրապես հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին: Թե երբ կամփոփվեն այդ քննարկումները, հայտնի չէ: Չի բացառվում, որ ՀԱԿ- ն իր որոշումը հրապարակի վերջին պահին: Բարգավաճի որոշման հրապարակումից հետո լրատվամիջոցներում և հանրության շրջանում գերիշխող կարծիքն այն է, որ Սերժ Սարգսյանի դեմ առաջիկա նախագահական ընտրություններում միակ այլընտրանքը կարող է լինել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ եթե վերջինս չառաջադրվի, ապա ընտրությունների ելքն արդեն այսօր կարելի է ազդարարել Սերժ Սարգսյանի «ընտրությամբ»: Արդեն երկու օր է, թերթի բոլոր փորձերը՝ զրուցել Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, անհաջողությամբ են պսակվում: ՀԱԿ-ում որոշել են, որ որևէ մեկն իրավունք չունի որևէ բառ ասել առաջիկա ընտրությունների վերաբերյալ՝ մինչև համապատասխան որոշում չկայացվի (ճիշտ այնպես, ինչպես անում էր Բարգավաճը մինչև նախօրե, պարզապես դեռ հստակ չէ, թե «այդ մասին՝ հաջորդ դասին» պարբերության փոխարեն այս դեպքում ինչ է ասվելու ի պատասխան լրագրողների): Մենք մտադիր էինք Կոնգրեսի պատասխանատու անձանց ուղղել հետևյալ հարցերը:
Ձեր կարծիքով, ո՞րն է ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառը: Ինչպե՞ս կբացատրեք այն, որ 2008 թվականի հզոր համաժողովրդական շարժումից հետո Սերժ Սարգսյանն այս պահին գոնե լուրջ այլընտրանք չունի, և սա այն դեպքում, երբ եղել են Մարտի 1, ներքաղաքական խորը ճգնաժամ, տնտեսական աննախադեպ անկում, աննախադեպ չափերի հասնող արտագաղթ:
Ի՞նչ իմաստ ուներ այդքան ժամանակ վատնել քաղաքական կոնսուլտացիաների վրա, երբ ի սկզբանե էլ պարզ էր, թե ԲՀԿ-ն վերջում ինչ որոշում է կայացնելու: Համաձա՞յն եք, որ այս իրավիճակի հիմքերը դրվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ, որին հաջորդեցին հասարակության համար փակ ինչ-որ պրոցեսներ, և հենց դա մարդկանց հասցրեց լիակատար հիասթափության:
Ի՞նչ են, ի վերջո, մտածում Հայ ազգային կոնգրեսում այս ամենը հետ շրջելու և այս նախագահական ընտրությունների կանխորոշված ելքը խափանելու համար:
Մտադիր էինք նաև ճշտել՝ կա՞ ՀԱԿ-ում որևէ մեկը, ով կարծում է, որ մարդ, ով ունի միլիոնավոր դոլարների հարստություն, ով հարկեր է թաքցնում, ով ամեն րոպե ենթակա է քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգին, կարող է որոշում կայացնել Սերժ Սարգսյանի ցանկությունների շրջանակից դուրս»,- գրում է թերթը:





