Հասարակածային Գվինեայում դատապարտված հայ օդաչուների ազատ արձակման առիթով ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Վաշինգթոնից Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրով շնորհավորել է օդանավի անձնակազմին, նրանց հարազատներին եւ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, կազմակերպություններին եւ անձանց, որոնք աջակցել են խնդրի լուծմանը, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Սա իսկապես շատ դրական իրադարձություն է եւ ձեռք է բերվել նաեւ համատեղ աշխատանքով: Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության նախագահը նամակով դիմեց Հասարակածային Գվինեայի նախագահին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես դիմեց թե այդ երկրի նախագահին, թե Հռոմի Պապին` խնդրելով վերջինիս միջամտությունը: Հռոմ այցելության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը Վատիկանի ԱԳՆ ղեկավարի միջոցով անձնապես խնդրեց Հռոմի Պապից միջամտելու այդ գործին: Ես այցելեցի Մալաբո եւ հանդիպումներ ունեցա Հասարակածային Գվինեայի վարչապետի եւ արտգործնախարարի հետ: Մեծ է նաեւ անհատ մարդկանց ներդրած ջանքերը, որոնց մեջ առաջին հերթին կցանկանայի նշել Արա Աբրահամյանի անունը, որն օգտագործեց եւ իր գործարար կոնտակտները, եւ ռուսական կապերը, եւ ՅՈՒՆԷՍԿՈՅԻ օղակները: Այս բոլորն ի վերջո հանգեցրին դրական արդյունքի»,- նշել է իր շնորհավորական ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Վարդան Օսկանյանը նշել է նաեւ, որ Երեւան վերադառնալուց հետո անպայման հանդիպելու է հայ օդաչուներին:





