Գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու ԲՀԿ որոշումը կհանգեցնի կուսակցության վարկանիշի անկման: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը: Ասուլիսին ներկա էր նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով ևս կարծում է, որ այդ որոշման հետևանքով ԲՀԿ-ի վարկանիշը կնվազի:
Ըստ Ադիբեկյանի՝ այս դեպքում վարկանիշի անկումը կլինի շատ ավելի քիչ, քան այն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը մասնակցեր ընտրություններին և պարտություն կրեր: «ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր հույս ունեին, որ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալուց հետո իրենք պաշտոններ կստանան, սակայն այսօր հիասթափված են:
Ընդդիմության շրջանակում ևս կային այնպիսի գործիչներ, որոնք ժամանակին իշխանություն լինելով բիզնես են ունեցել, հետո կորցրել: Այսօր նրանք հույս ունեին դրանք վերականգնել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Գագիկ Քեռյանն էլ նկատեց. «Բավականին մեծ ընտրազանգված այս որոշման հետևանքով մնաց վակուումի մեջ: Այն կուսակցություները, որոնք մինչ օրս անհույս վիճակում էին, հնարավորություն ստացան իրենց կողմ ուղղել այդ ընտրազանգվածին»:





