Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե բնապահպանները դեմ են հանքարդյունաբերությանը: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Մովսես Մանուկյանը:
«Դա այդպես չէ, բայց մենք դեմ ենք, երբ հանքերը շահագործվում են բնության և մարդկանց առողջության հաշվին:
Եթե բոլոր նորմերը պահպանվեն ու չշահագործվեն բնակավայրերին շատ մոտ գտնվող հանքեր, ապա բողոքելու առիթ չի լինի, և տնտեսությունն էլ կզարգանա»,- նշեց նա:
Մովսես Մանուկյանն ուրախությամբ փաստեց, որ այս տարի ձևավորված երկու բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները հաջողությամբ գործում են: «Ողջունելի է, որ նախաձեռնությունների մասնակիցների մեծամասնությունը երիտասարդներն են: Այս տարի դա բնապահպանության ոլորտում Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումն է. նշանակում է` գալիք սերունդը մտահոգված է իր երկրի առողջ բնությամբ և շրջակա միջավայրով»,- ասաց նախաձեռնության խմբի անդամը:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն իր հերթին հավելեց, որ դրա հետ մեկտեղ Հայաստանում դեռևս մի շարք կարևոր բնապահպանական խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: «Այսօր շարունակում են արդիական մնալ Սևանի խնդիրները` ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ափերի մաքրման, լիճ թափվող գետերի վրա ՀԷԿ-երի կառուցման հետևանքով ձկնատեսակների անդարձ կորստի և այլն: Կան նաև մի շարք խնդիրներ, որոնք կապված չեն հանքերի շահագործման հետ. խոսքը արգելավայրերի և արգելոցների ոչ պատշաճ հսկողությունն է, ապօրինի ծառահատումները»,- նշեց նա` հավելելով, որ ամենագլխավոր խնդիրը հենց ՀՀ բնապահպանության նախարարությունում է, որը պատշաճ կերպով չի կատարում իր իսկ կողմից մշակված բնապահպանական քաղաքականությունն ու ծրագրի կետերը;





