Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության, դեկտեմբերի 10-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի Գետափնյա 16 հասցեում պետք է տեղի ունենային «Բի Էս Բի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումները, սակայն տեղի չունեցան՝ ձեռնարկող «Բի Էս Բի» ՍՊԸ-ի ներկայացուցիչների չներկայանալու պատճառով: PanARMENIAN.net-ին տեղեկացնում են «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը:
Նոյեմբերի 26-ին, նույն ընկերության կողմից այլ հասցեով հրավիրված հասարակական լսումները չէին կայացել, քանի որ լսումների իրականացման վայրի վերաբերյալ տարածվել էր ոչ ստույգ տեղեկատվություն, իսկ լսումներ հրավիրող կողմը («Բի Էս Բի» ՍՊԸ) չէր ներկայացել: Սակայն «Բի Էս Բի» ՍՊԸ-ի տնօրեն Ն. Ավագյանը մեր հեռախոսազանգերին պատասխանել է, որ իր աշխատակիցները տեղում են և անցկացնում են հանրային լսումներ, սակայն դա այդպես չէր, բացահայտ ստել էր:
Այս անգամ նշանակված Ջերմուկ քաղաքի Գետափնյա 16 հասցեն, ինչպես արձանագրեցին ներկաները, բաց տարածություն էր, շենք-շինություն գոյություն չուներ, իրենք էլ չէին ներկայացել, որպեսզի տեղեկատվություն տրամադրեին:
Նշված օրը, նշանակված ժամին հանրության ներկայացուցիչներից բացի, հասարակական լսումներին մասնակացելու ակնկալիքով նշված վայր էին ժամանել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետը, Ջերմուկ համայնքի ՏԻՄ ներկայացուցիչը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետը, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանխագահն ու կամավորներ, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողը, իսկ լսումներ հրավիրող կողմը կրկին չէր ներկայացել:
Ներկաները տեղում կազմել են արձանագրություն «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի հերթական հասարակական լսումները չկայացած ճանաչելու վերաբերյալ և ներկայացվելու է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին: Արձանագրությունն իրենք են կազմել, որովհետև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը, ով նույնպես ներկայացել էր լսումներին մասնակցելու ակնկալիքով, ասել է` ինքը ժամանակ չունի, շտապում է վերադառնալ Երևան: Այն դեպքում, երբ այդ պարտավորությունն օրենքով դրված է լիազորված մարմնի՝ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, ազդակիր համայնքի ղեկավարների և ձեռնարկողի վրա:
Օրենքում արարողակարգը որոշում է ՀՀ կառավարությունը, ինչը մինչև օրս կարգը սահմանված չէ: Իր մեղքի մեծ բաժինն ունի նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը, քանի որ համապատասխան իրավական ակտի նախագիծը պետք է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմվեր և ներկայացվեր ՀՀ կառավարությանը:
Ինչ վերաբերում է «Բի Էս Բի» ՍՊ ընկերությանը` գործելաոճն արդեն վկայում է այն մասին, որ անպատասխանատու, անհետևողական ընկերություն է, որի ղեկավարը բացահայտ կեղծ տեղեկություն է փոխանցում շահագրգիռ հանրությանը և երկրորդ անգամ իր մեղքով տապալում հասարակական լսումները: Այս ընկերությունն արդեն վստահություն չի ներշնչում ազդակիր համայնքի և հանրության մեծ զանգվածի մոտ: Ավելին, «Բի Էս Բի» ՍՊ ընկերությունն իր իսկ կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի փաստաթղթերում Անկան գետի փոխարեն նշում է Գորիս գետ: Դե ֆակտո իր կողմից փոքր ՀԷԿ-ը կառուցվելու է ոչ թե Գորիս, այլ Անկան գետի վրա: Անհասկանալի է նաև, թե ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված "Գնդեվանք" ՓՀԷԿ-ի փաստաթղթերն ինչ առնչություն ունեն Գորիս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ի փաստաթղթերի հետ:
Վերը շարադրված հիմնավորումները ներկայացվել են նաև բնապահպանության նախարարին` առաջարկով, որ «Բի Էս Բի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումները, որը նշակաված էր դեկտեմբերի 10-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի Գետափնյա 16 հասցեում, չեղյալ ճանաչվեն և առհասարակ մերժվեն տվյալ ընկերության կողմից ներկայացված վերը նշված նախագծային փաստաթղթերը և այլևս անդրադձ չլինի այդ նախագծին:





